ՀՀ կառավարությունը մտադիր է ապամոնտաժել «Նաիրիտ» գործարանը, մաքրել տարածքը՝ դարձնելով էկոլոգիապես անվտանգ և կառուցապատման համար պիտանի: Այս աշխատանքում ՀՀ կառավարությանն աջակցելու է Համաշխարհային բանկը։ Այն իր կառուցվածքի մեջ գտնվող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով Հայաստանին տրամադրելու է կամ արդեն իսկ տրամադրել է 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի հիմնականում նախագծման և գնահատման աշխատանքների իրականացմանը, իսկ բուն ծրագիրը, ըստ Համաշխարհային բանկի, կարժենա 60 միլիոն դոլար։
Էկոլուրը հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել․
- Ո՞ր փուլում է գտնվում «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագիրը։
- Ճշգրտվա՞ծ են արդյոք «Նաիրիտ» գործարանի ապամոնտաժումից և քիմիական վտանգավոր նյութերից հողի ու ստորերկրյա ջրերի մաքրումից հետո տարածքի նպատակային օգտագործման թիրախները։
- Ո՞րն է գործարանի ենթակառուցվածքների ապամոնտաժումից առաջացած և քիմիական ներգործության ենթարկված մետաղական թափոնների վնասազերծման կամ օգտահանման խնդրի լուծման տեսլականը։
- Նախարարության կողմից նախատեսվո՞ւմ է արդյոք այս գործընթացի իրականացման հայեցակարգի և գործողությունների պլանի ընդունում։
- Արդյո՞ք «Էկո-Գրուպ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից նախատեսված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող 33 տեսակի վտանգավոր քիմիական թափոնների (բացառությամբ 1,223,027.0 կգ էթինոլ սպիրտի) այրման գործընթացը (այս գործընթացի համար «Էկո-Գրուպ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից 2021թ․ստացել է ԲՓ-0031-21 բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն) նախատեսվում է ներառել «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ԱՍ//43112-2025 պատասխան նամակով տրամադրել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում նշված է․ «Համաշխարհային բանկի ներկայացուցիչները 2025թ․ հոկտեմբերի 3-ին այցելել են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ։ Վերջիններիս կողմից տեղեկացվել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների մասին։ Մասնավորապես, նշվել է, որ իրականացվելու է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա քիմիական նյութերի, հողի նմուշառում, իրականացվելու է մանրամասն ուսումնասիրություն, որը տևելու է 14 ամիս։ Բացի վերն ասվածից «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունն այլ տեղեկատվության չի տիրապետում»։
Էկոլուրը հարցում է ուղարկել նաև Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ներկայում ինչ գործունեություն է ծավալում «Էկո-Գրուպ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ն այս ուղղությամբ, արդյոք Նաիրիտի շուրջ ընթացող նոր զարգացումների պայմաններում Համաշխարհային բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում «Էկո-Գրուպ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի անժամկետ տրամադրված լիցենզիան, ԲՓ-0031-21 եզրակացությունն ուժի մեջ կմնան, և ընկերությունը կշարունակի՞ իր գործունեությունը նոր իրավիճակում: Ի՞նչ քաղաքացիաիրավական փաստաթղթի հիման վրա է «Էկո-Գրուպ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ն մատուցում/մատուցելու թափոնների այրման ծառայություններ, և ո՞ր կողմերն են ստորագրել այս փաստաթուղթը:
Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թիվ 5/26.18/14061 նամակով հայտնել է, որ «Էկո-Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից «Նաիրիտ» գործարանի տարածքում որևէ գործունեություն ներկայում չի իրականացվում։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերությանը տրամադրվել է № 0017-21 վտանգավոր թափոնների գործածության գործունեության անժամկետ լիցենզիան: Վերջինս գործող է, քանի որ առկա չեն «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքեր: Իսկ նախարարության կողմից տրամադրված ԲՓ 0031-21 պետական փորձաքննական դրական եզրակացության մասին նշված է, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի, փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը Էկոլուրի՝ «Նաիրիտում» «Էկո-Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի գործունեության և Համաշխարհային բանկի հետ կնքած համաձայնագրի ընթացքի մասին հարցմանն ի պատասխան ուղղորդել է դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի նախարարություններ։
Էկոլուրը հարցում է ուղարկել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ, որը համակարգելու է իրականացվելիք աշխատանքները փոխվարչապետին կից ստեղծվելիք գրասենյակի միջոցով։ Սակայն դեռ որևէ պատասխան չի ստացել։
Այսպիսով, ներկայացված պատասխաններից հետևում է, որ վտանգավոր օբյեկտ համարվող «Նաիրիտ» գործարանում չեն իրականացվել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ։ 2015թ․ Համաշխարհային բանկն է իրականացրել հետազոտություն «Նաիրիտ»-ի շահագործման տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ։ 2025թ․ ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի իրականացմանն աջակցության համար։ Ծրագրի հաստատված պլանի համաձայն՝ պետք է իրականացվի Ծրագրի փուլային մշտադիտարկում։ Մշտադիտարկման արդյունքները դեռ որևէ հարթակում հրապարակված չեն։
Հունվար 22, 2026 at 16:03