Ապրիլի 24-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում կկայանա «Armenian Day» միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որի նպատակն է ոգեկոչել զոհերի հիշատակը, ներկայացնել հայկական մշակույթը եւ համախմբել համայնքը։
Միջոցառումը տեղի կունենա Stockbridge Parish Church-ում, ժամը 19:30-ին։
Համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը Շոտլանդիայում բնակվող դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանն է։
«Ապրում եմ այստեղ արդեն 10 տարի, դասավանդում եմ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում եւ համերգային գործունեություն եմ ծավալում։ Ապրիլի 24-ին Շոտլանդիայում առաջին անգամ տեղի կունենա մոմերով համերգ, որն անցկացվում է Բրիտանիայում եւ Իռլանդիայում Հայոց թեմի հովանու ներքո»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է նա։
Համերգին կմասնակցի բրիտանացի հայտնի ջութակահարուհի Ջինա ՄքՔորմաքը: Ելույթ կունենանք երկուսով, կներկայացնենք ջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ:
Ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի «Ջութակի սոնատը», Ալեքսանդր Հարությունյանի «Պարը» ջութակի եւ դաշնամուրի համար, Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Կոմիտասի երգերի մշակումներ՝ «Կռունկ», «Չինար ես» եւ այլ ստեղծագործություններ, ինչպես նաեւ Յոհաննես Բրամսի եւ Քլարա Շումանի գործերը»,- պատմել է նա։
«Եկեղեցին մեծ պատրաստակամությամբ է աջակցել նախաձեռնությանը։ Տեղեկատվությունը տարածել ենք սոցիալական ցանցերում եւ տարբեր խմբերում, որտեղ հայեր կան։ Հուսով ենք, որ ներկա կլինեն նախեւառաջ հայեր, բայց ոչ միայն նրանք»,- ասել է Մարիաննան։
Մարիաննա Աբրահամյանը նշել է, որ տարիներ շարունակ համագործակցում է Բրիտանիայի Հայոց թեմի հետ։
«Մեր համագործակցությունը սկսվել է 2020 թվականին, երբ Լոնդոնում կազմակերպեցի համերգ՝ նվիրված կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակին, այդ թվում՝ հայրիկիս։ Դրանից հետո Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում երգիչների մասնակցությամբ իրականացրել ենք նաեւ կոմիտասյան հոգեւոր երգերի ծրագրեր։ Այս համագործակցությունը շարունակական է»,- ասել է նա։
Մարիաննան նկատել է, որ Շոտլանդիայում հայկական եկեղեցի չկա, սակայն տեղի եկեղեցիներն աջակցում են համայնքին եւ իրենց տարածքները տրամադրում հայկական պատարագների համար.
«Մեր նախաձեռնությամբ Շոտլանդիայում առաջին հայկական պատարագը տեղի է ունեցել 2024-ին՝ Գլազգոյում: Տեղի կաթոլիկ եկեղեցին մեծ սիրով տրամադրել է իր տարածքը»։
Ապրիլի 24-ին կայանալիք «Armenian Day» միջոցառման շրջանակում նախատեսվում է նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարների ցուցահանդես։ Նույն ծրագիրը կկատարվի նաեւ ապրիլի 25-ին Շոտլանդիայի Փիբլզ քաղաքում։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Մարիաննա Աբրահամյանի