ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և նոր Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցած հանդիպումների ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ընդգծել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պատմական համաձայնագրերի կարևորությունը և ուրվագծել փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի ընդլայնմանն ուղղված քայլերը՝ նշելով, որ Ադրբեջանը հանձնառու է Հայաստանի հետ երկարաժամկետ և անշրջելի խաղաղություն հաստատելուն:

Իր հերթին, բրիտանական կողմը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան, ողջունել է խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված գործնական քայլերը և խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս հայտնել։

Այցի ընթացքում Ամիրբեկովը նաև ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած կլոր սեղանի ընթացքում՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) փորձագետների և հետազոտողների հետ։ Նրա ելույթը նվիրված է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment