COP17-ին ընդառաջ Հայաստանն ամրապնդում է ազգային կարողությունները կենսաբազմազանության գլոբալ առաջնորդության համար

2026թ․ Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելուն պատրաստվելիս Հայաստանն ուժեղացնում է ազգային կարողությունները և խթանում կենսաբազմազանության օրակարգի շուրջ հասարակության լայն ներգրավվածությունը։

«Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, աջակցում են այս գործընթացին՝ բարձրացնելով ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու պատրաստվածությունը։ Այս նախաձեռնության շրջանակում մեկնարկել է կարողությունների զարգացման աշխատաժողովների շարք՝ «Կենսաբազմազանության ռազմավարություններ և հիմնական փաստաթղթեր» խորագրով։

Առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ Երևանում, համախմբելով պետական կառույցների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին։ Միջոցառումը կարևոր է Հայաստանի համար COP17-ի նախապատրաստական գործընթացում՝ ընդգծելով տեղեկացված, ներառական և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 20, 2025թ․, աշխատարան Երևանում

Աշխատաժողովի բացման ժամանակ ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանի «Բնության գործողությունների» համակարգող Թիերի Լուկասը կարևորեց COP17-ի նշանակությունը Հայաստանի համար՝ ընդգծելով, որ համաժողովի հյուրընկալումը ոչ միայն դիվանագիտական պարտավորություն է, այլև ազգային հնարավորություն։

«COP17-ը պետք է դառնա ամբողջ հասարակության համար նշանակալի իրադարձություն, – նշեց նա, – Երևանի յուրաքանչյուր անցորդ պետք է իմանա, թե ինչ է կենսաբազմազանությունը, և հպարտանա այն քայլերով, որոնք Հայաստանը ձեռնարկում է։ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հետ միասին, աջակցում է կառավարությանը բարձր մակարդակի փորձագետների խմբի միջոցով։ Հաջողությունը կախված է այն բանից, թե որքան համատեղ ու միասնական ըմբռնում կլինի կառավարության և հասարակության շրջանակներում այն մասին, թե ինչ կարող է ապահովել COP17-ը և ինչ ժառանգություն կարող է թողնել Հայաստանի համար»։

Թիերի Լուկաս

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ընդհանուր նկարագիրը ներկայացրեց Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանը։ Նա ընդգծեց կոնվենցիայի իրավական պարտադիր բնույթը և դրա երեք հիմնական նպատակները՝ կենսաբազմազանության պահպանություն, կենսաբազմազանության կայուն օգտագործում և գենետիկական ռեսուրսներից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխում։

«Կենսաբազմազանության դեգրադացիան իրականություն է Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, – նշեց նա, – COP17-ը Հայաստանին եզակի հնարավորություն է ընձեռում ՝ կենսաբազմազանության ոլորտի քաղաքականությունները, օրենսդրությունը, մոնիթորինգային համակարգերը և ինստիտուցիոնալ կարողություններն արդիականացնելու համար՝ միաժամանակ ինտեգրելով կենսաբազմազանությունը տնտեսության հիմնական ոլորտներում և ամրապնդելով կլիմայական կայունությունն ու կանաչ աճը։ COP17-ի հյուրընկալումը կբարձրացնի Հայաստանի դերը որպես գլոբալ կենսաբազմազանության կառավարման տարածաշրջանային առաջատար»։

Հանրային ներգրավվածությունն ու ներառականությունը ճանաչվել են COP17 գործընթացի հիմնարար սյուներ։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության փորձագետ Կարեն Խաչատրյանը շեշտեց, որ Հայաստանը՝ որպես COP նախագահող երկիր, պետք է խթանի երկխոսությունն ու փոխհամաձայնությոնը կողմերի միջև։

«Ներառականությունը, այսինքն, «COP-ը բոլորի համար» գաղափարը մեր հիմնական առաջնահերթություններից է, – ասաց նա, – մեր դերը կողմերի դիրքորոշումների մերձեցմանը նպաստելն է և համաձայնության հասնելու աջակցությունը»։

Կարեն Խաչատրյան

Քննարկումները ներառել են նաև Նագոյայի արձանագրությունը՝ մուտքի և օգուտների բաշխման մասին, և Կարթագենյան արձանագրությունը կենսանվտանգության մասին, որոնք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում գործող երկու կարևոր գործիքներ են։ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի փորձագետներ Դշխուհի Սահակյանը և Տատյանա Դանիելյանն նշեցին համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների անհրաժեշտությունն այդ արձանագրությունների իրագործման համար։

Դշխուհի Սահակյան

Տատյանա Դանիելյան

Աշխատաժողովում անդրադարձ կատարվեց նաև Կունմին–Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակին և Հայաստանի թարմացված  կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրին (NBSAP)։ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի միջազգային կենսաբազմազանության մասնագետ Ալլա Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագիրը մշակվել է գլոբալ շրջանակի համապատասխանությամբ, որի նպատակն է մինչև 2050թ․ կասեցնել կենսաբազմազանության կորուստը և հաղթահարել կենսաբազմազանության ֆինանսավորման գլոբալ բացը։

«Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագիրը սահմանում է ազգային առաջնահերթությունները՝ 30 թիրախների և 110 գործողությունների միջոցով, որոնք ամրապնդված են չափելի ցուցանիշներով և մշտադիտարկման մեխանիզմներով, – ասաց նա, – սա կարևոր է հաշվետվողականության ապահովման համար՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում»։

Ալլա Ալեքսանյան

Մասնակիցները նաև կարևորել են ոլորտային կոնվենցիաների միջև համադրելիության ապահովումը, հանրային-մասնավոր գործընկերությունների զարգացումը և գործարար համայնքի ակտիվ ներգրավվածությունը COP17 գործընթացում։

Դեկտեմբերի 11, 2025թ․, աշխատարան Դիլիջանում

Քանի որ COP17-ին Երևանում սպասվում է շուրջ 30,000 մասնակցի ներկայություն, Հայաստանի նախապատրաստական ջանքերը ծառայելու են ոչ միայն համաժողովի հաջող անցկացմանը, այլ նաև կենսաբազմազանության կառավարման, կայուն զարգացման և միջազգային բնապահպանական համագործակցության ոլորտներում երկարաժամկետ ազգային ժառանգության ձևավորմանը։

Դեկտեմբերի 12, 2025թ․, աշխատարան Դիլիջանում

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

Հունվար 23, 2026 at 15:50

Leave a comment