Լրագրողների հետ զրույցում Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել է․ «Ունենք մի իրավիճակ, երբ հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է իբր Արշակ սրբազանը կատարել է մի գործողություն։ Այդ գործողությունը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի»։
Նրա խոսքով, եթե նույնիսկ իրականում տեղի ունեցած լիներ այդ գործողությունը, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի Արշակ սրբազանին մեղադրել այդ հոդվածով։
Իր խոսքում Բաբայանը նշել է․ «Սրանից բացի, կալանքի միջնորդությունը զարթուղի ճանապարհներով գնում հասնում է մեր կողմից շատ «հարգված», շատ «օբյեկտիվ» դատավոր Մասիս Մելքոնյանին։ Մասիս Մելքոնյանը այս հանգամանքներում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է իմ նշված հիմնավորումներով, այնուամենայնիվ, կիրառում է երկու ամսյա կալանք։ Երկու ամիս անցնելուց հետո,միջնորդություն է ներկայացվում է Շենգավիթի դատարան։ Այդ միջնորդությունը, կրկին զարթուղի ճանապարհներով, հասնում է Մասիվի դատարան՝ հույս ունենալով, որ կհանդիպի դատավոր Մասիս Մելքոնյանին, բայց պարզվում է, որ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ, այլ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնուհետև այս միջնորդությունը նույն զարթուղի ճանապարհներով պտտվում է և հասնում Կենտրոնի դատարան՝ դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Մենք «հավատում» ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի արդարադատություն և Աշակ սրբազանն ազատ կարձակվի»։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե իշխանության «սրտի» դատավորները չլինեն, ապա այլ որոշումներ կլինե՞ն, փաստաբանն արձագանքել է, որ ՝ այո, վստահ է դրանում։
«Դուք կարո՞ղ եք հիշել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը մակագրված լինի քիչ, թե շատ օբյեկտիվության համբավ ունեցող դատավորին, չի՛ եղել նման դեպք, երբեք չի՛ եղել»։
Ինչ վերաբերում է Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցի անհետանալուն, ապա Արսեն Բաբայանը ևս պաշտոնական տեղեկություն չունի այդ մասին, նա նշել է, որ կճշտի քննիչից։
Փաստաբանը նշել է, որ այս դեպքում ընդհանրապես խափանման միջոցի մասին խոսք չի կարող լինել, բայց միջնորդելու են բոլոր այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ համակցված, որ գոնե բանտային կալանք չկիրառվի, սակայն նշում է՝ ոչինչ էլ չի փոխվելու։