ՌԴ դեսպանն Իտալիայի ԱԳՆ է կանչվել՝ Սոլովյովի կողմից վարչապետ Մելոնիին «ֆաշիստ» անվանելուց հետո

Քաղաքականություն

22.04.2026 | 12:27

Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովն իր Soloviev Live ալիքով հաղորդման ժամանակ վիրավորել է վարչապետ Ջորջիա Մելոնիին: ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ պաշտոնական բողոք կներկայացվի դեսպանին, գրում է Meduza-ն։

Իր հաղորդումներից մեկում Սոլովյովն Իտալիայի վարչապետին անվանել է «ֆաշիստ արարած» և հայտարարել. «Դավաճանությունը նրա երկրորդ անունն է. նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում էր տվել»։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, թե Ռուսաստանի դեսպանը տարակուսանք է հայտնել ԱԳՆ կանչվելու կապակցությամբ՝ «հայտնի ռուս լրագրողի կողմից, թեև շատ տաղանդավոր և ժողովրդականություն վայելող, իր մասնավոր ալիքով հնչեցրած խոսքերի» պատճառով։

Սոլովյովին պատասխանել է ինքը՝ Մելոնին։ Իտալիայի վարչապետը X սոցիալական ցանցում գրել է, որ «ռեժիմի եռանդուն քարոզիչն իր բնույթով չի կարող դասեր տալ ո՛չ հետևողականության, ո՛չ էլ ազատության մասին»։

«Ի տարբերություն այլոց՝ պարտավորություն չունենք, մենք տերեր չունենք և մեզ հրամաններ չեն տալիս»,- հայտարարել է Ջորջիա Մելոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment