Հողերի օգտագործման և պահպանության ոլորտում 2025թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 439 իրավախախտման դեպք։ Ընդհանուր տուգանքների չափը կազմել է 14 միլիոն դրամ, հաշվարկվել է 5 միլիարդ 314 միլիոն դրամի վնաս։ Խոսքը հիմնականում հողերի ոչ նպատակային նշանակության օգտագործման և հողերի դեգրադացիայի հաշվարկված վնասների մասին է։
«Թափոն» ոլորտում առավել հաճախ արձանագրվող խախտումները վերաբերում են ոչ սահմանված վայրերում աղբի տեղադրմանը։ Խախտումները հիմնականում արձանագրվում են համայնքային և գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ձևավորված ապօրինի աղբավայրերում։ Այս մասին հունվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ ապօրինի աղբավայրերի կանխարգելման և լիկվիդացման գործում առանցքային դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները։ «Ըստ օրենքի՝ համայնքներին պատվիրակված է հողերի վերահսկողության և ապօրինի աղբավայրերի վերացման լիազորությունը», – ընդգծեց նա։
Խոշոր չափերի վնասներ առավել հաճախ արձանագրվում են շինարարական աղբի ապօրինի տեղադրման դեպքերում։ Շինարարական աղբը հիմնականում ապօրինի տեղափոխվում և լցվում է լքված կամ աչքից հեռու տարածքներում՝ աշխատանքը արագ և նվազ ծախսերով իրականացնելու նպատակով։ Որպես օրինակ, Հովհաննես Մարտիրոսյանը նշեց Երևանում Կորեայի ձորը։
«Շինարարական աղբի ապօրինի տեղադրումը հիմնականում իրականացվում է ոչ թե շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների, այլ աղբի տեղափոխմամբ զբաղվող անհատների կողմից։ Տնտեսվարողները, ըստ ներկայացվածի, գիտակցում են, որ նման խախտումների դեպքում վնասների հաշվարկները կարող են լինել չափազանց մեծ։ Երևան քաղաքում առկա է շինարարական աղբի տեղադրման համար նախատեսված հատուկ տարածք՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում աղբ տեղափոխողները, ճանապարհը կրճատելու կամ ծախսերը նվազեցնելու նպատակով չեն հասնում այդ տարածք և աղբը դատարկում են այլ վայրերում», – ասաց նա։
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ շինարարական կամ այլ թափոնների տեղադրումը ոչ սահմանված վայրերում հողը դարձնում է ոչ պիտանի հետագա օգտագործման համար՝ մինչև աղբի ամբողջական հեռացումը։ Բացի այդ, շինարարական թափոնները կարող են պարունակել վտանգավոր նյութեր, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ առաջացնել ինքնայրումներ, որոնք իրենց հերթին նպաստում են մթնոլորտային օդի աղտոտմանը։
Հունվար 26, 2026 at 16:16