Փաշինյանի վերարտադրությունը հագնեցնելու է ոչ թե «իրական», այլ տիրադավ Հայաստանի ձևավորմանը


Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, այլ գոյաբանական, լինել կամ չլինելու խնդիր են, ու դրանում ամենևին չափազանցվածություն չկա։ Իհարկե, իդեալական տարբերակն այն կլինի, եթե այս իշխանություններից ազատվենք մինչև ընտրությունները, սակայն հաշվի առնելով, որ քաղաքական գործընթացները սոսկ ցանկություններ չեն, ապա թերևս չպետք է անտեսել Նիկոլ Փաշինյանից ընտրությունների միջոցով ազատվելու տարբերակը։

Յուրաքանչյուր քաղաքացի, որը մտնելու է ընտրատեղամաս, չի կանգնելու սոսկ քաղաքական ուժերից որևէ մեկին նախապատվություն տալու առջև, այլ պետք է ընտրի, թե այդուհետ ինչպիսի՞ Հայաստանում է ապրելու՝ տիրադա՞վ, թե՞ հոգևոր։ «Հոգևոր» ասելով՝ ամենևին պետք չէ հասկանալ կրոնապետություն, որում եկեղեցական օրենքները գերակայելու են աշխարհիկ օրենսդրությանը։

Հոգևոր է այն Հայաստանը, որ հստակ խարսխված է ազգային արժեքների վրա, որի հասարակությունը կրում է պատմական հիշողություն, ունի ազգային նպատակներ, ազգային արժանապատվություն, որը  ձգտում է իրական, այլ ոչ պատրանքային խաղաղության, ու այդ խաղաղությունը կայանում է ոչ թե անընդհատ զիջումներով ու ազգային արժեքների հաշվին, այլ ձեռք է բերվում՝ հիմքում ունենալով անվտանգային հստակ մեխանիզմներ, քաղաքական շահերի համադրմամբ միջազգային իրական գործընկերների ու դաշնակիցների ձեռբերմամբ և բանակի՝ որպես անվտանգային համակարգի անկյունաքարային գործոնի հզորացմամբ։

Հոգևոր է այն Հայաստանը, որի ղեկավարը գնում է ոչ թե հասարակության տարանջատման սկզբունքով, այլ որդեգրում է միասնության ուղին, որը զանազանում է առկա բազմերանգությունը ու ձգտում է այդ ամենը տեսնել մի ամբողջության մեջ, այլ ոչ թե բոլոր գույներից ընտրում միայն սևն ու սպիտակը։ Հոգևոր է այն Հայաստանը, որի իշխանությունը ժողովրդավարությունը պատկերացնում է ոչ թե բանտերը քաղաքական հակառակորդներով լցնելով, այլ արժևորում է Վոլտերի խոսքերը, որն ասում էր. «Թեպետ ձեր կարծիքի հետ համաձայն չեմ, բայց կյանքս կտայի, որպեսզի կարողանաք ազատորեն արտահայտել այն»։ 

Հոգևոր է այն Հայաստանը, որում առաջնային հերթով կարևորվում են մանկավարժը, գիտնականը, բժիշկը, գրողը…մնայուն արժեքներ արարողը, այլ ոչ ընդամենը պատգամավորն ու նախարարը։ Հոգևոր է այն Հայաստանը, որում դոմփել, ասֆալտին փռել, պատերին ծեփել, վնգստացող շներ…արտահայտություններն օգտագործում է թաղի խուժանը ու դրանց համար կրում իրավական պատասխանատվություն, այլ ոչ թե երկրի ղեկավարը ու հպարտանում իր ունեցած «արժեհամակարգով»։ Հոգևոր է այն Հայաստանը, որում հերոսը հանուն պետության ու ազգի սխրանքների գնացողն է, համաշխարհային հարթակում փառք բերողը…այլ ոչ սովորական հարկ վճարողը, ինչը պարտադիր է հարկային օրենսդրությամբ։

Կարելի է անվերջ շարունակել, ու թերևս առաջիկայում կշարունակենք թվարկելը, թե որն է հոգևորը, սակայն որպեսզի թվարկումը չդառնա ընդամենը չիրականացված ցանկությունների ամփոփագիր, կարևոր է, որ ընտրողը որոշի, որ ահա այսպիսի Հայաստանում է ինքը ապրելու, քանի որ հակառակը մարմնավորում է Նիկոլ Փաշինյանի տիրադավությունը։ Տիրադավներն ընդամենը իրենց միացած սահմանափակ թվով հոգևորականները չեն, այլ հենց նաև ինքը, իրեն սպասարկող իրավապահներն ու դատավորները, իր սեփական «պատարագներին» Աստծուն փառաբանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին ծափ տվողները, նրա հայտարարությունները հլու հնազանդ գեներացնողներն ու պաշտպանողները, փաշինյանական «իրական Հայաստան» քարոզողները։

Փաշինյանի վերարտադրությունը հագնեցնելու է ոչ թե «իրական», այլ տիրադավ Հայաստանի ձևավորմանը։ Վկան՝ բանտերում գտնվող Սրբազանները, մեղադրյալի կարգավիճակում գտնվող բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներն ու քահանաները, բանակից վռնդված գնդերեցները։

Կարեն Կարապետյան

Leave a comment