Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմում հրադադարի երկարաձգման մասին՝ «պակիստանյան իշխանությունների խնդրանքով»։ Նա այդ մասին հայտարարել է ապրիլի լույս 22-ի գիշերը, երբ պետք է լրանար ապրիլի 8-ին կնքված հրադադարի ժամկետը, գրում է DW-ի ռոսական ծառայությունը։

«Իրանի կառավարությունում լուրջ պառակտման պատճառով, ինչը սպասելի է, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի (Պակիստանի զինված ուժերի հրամանատար) և վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով մեզ հորդորել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները՝ մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները չմշակեն  միասնական առաջարկ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հրադադարն ուժի մեջ կմնա մինչև «նրանց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը՝ այս կամ այն ​​կերպ»։ Թրամփը նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ զինվորականներին «պահպանել Հորմուզի նեղուցի շրջափակումը» և «մնացած բոլոր առումներով պահպանել մարտական ​​պատրաստվածությունը»։

Թրամփի գրառումից մեկ ժամից էլ պակաս ժամանակ առաջ Իրանի պետական ​​«Tasnim» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ չնայած ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու՝ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի թույլտվությանը՝ երկիրը վճռականորեն հրաժարվել է մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին Իսլամաբադում:

Թեհրանի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, իրենց որոշումը ԱՄՆ ներկայացուցիչներին հայտնել են Պակիստանում գտնվող միջնորդի միջոցով: Իրանական կողմի կարծիքով՝ բանակցություններին մասնակցելը «ժամանակի վատնում» կլինի, քանի որ ԱՄՆ-ը «չափազանց մեծ պահանջներ» է ներկայացնում և «խոչընդոտում է ցանկացած ողջամիտ գործարքի»:

Բացի այդ, Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իսլամաբադ այցը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է այցի չեղարկումը։

ԱՄՆ-Իրան առաջին ուղղակի բանակցությունները տեղի էին  ունեցել Պակիստանի մայրաքաղաքում՝ հրադադարի կնքումից մի քանի օր անց։ Ամերիկյան պատվիրակության կազմում, բացի Վենսից, ընդգրկված էին Սպիտակ տան հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Բանակցությունները ձախողվել էին։ Հաջորդ օրը Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին, իսկ Իրանը հետագայում մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարը խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment