Անահիտ Մանասյանը պատասխանել է Ռուբեն Վարդանյանին. «Բաքվից որեւէ առաջարկ չի եղել»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ նշելով, որ ՀՀ ՄԻՊ-ը չի ստացել որեւէ պաշտոնական առաջարկ Ադրբեջանից՝ համագործակցության վերաբերյալ:

ՄԻՊ հայտարարության մեջ նշվում է, որ կառույցն անկախ է եւ չի հանդիսանում կառավարության մաս:
«Նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
Ավելին, ՀՀ ՄԻՊ-ն ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանում: 
Հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները եւ այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության եւ համագործակցության սկզբունքների հիման վրա։ 
ՀՀ ՄԻՊ հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարեւոր համարում մարդասիրական եւ իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային եւ խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։ 
Միեւնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաեւ խորհրդապահության եւ «մի վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ եւ պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։
Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետեւյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որեւէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ չի ստացել որեւէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Միեւնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որեւէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից», – ասվում է հայտարարությունում։

Leave a comment