Վենսի այցով հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական փուլ. Բաբաջանյան > Լուրեր Հայաստանից

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի փետրվարի 9-ին սպասվող այցը Հայաստան ունի հստակ գործնական օրակարգ և պետք է գնահատվի արդյունքներով։
Այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է՝ որպես իրական ենթակառուցվածքային և տնտեսական ծրագիր։ Խոսքը վերաբերում է TRIPP-ի մեկնարկի կոնկրետ քայլերին՝

  • ծրագրի իրականացման համար պատասխանատու ընկերության հիմնում,
  • կառավարման և վերահսկողության կանոնների սահմանում,
  • ֆինանսավորման աղբյուրների ու պայմանների հստակեցում,
  • անվտանգության ռիսկերի գնահատում
  • շինարարությունը փուլ առ փուլ սկսելու լիարժեք պատրաստություն՝ հստակ փուլերով, ժամկետներով և պատասխանատուներով։

Օրակարգի երկրորդ ուղղությունը խաղաղ միջուկային համագործակցությունն է։ Քննարկման առարկան նոր միջուկային հզորության վերաբերյալ որոշման հստակեցումն է՝ կիրառվող տեխնոլոգիա, ֆինանսավորման մոդել, անվտանգության ստանդարտներ, ժամանակացույց և տեղական մասնագիտական կարողությունների զարգացում։ Սա վերաբերում է երկրի երկարաժամկետ էներգետիկ կայունությանը և համակարգի կանխատեսելիությանը։

Երրորդ ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն են՝ կիսահաղորդիչներ և արհեստական բանականություն։ Այստեղ սպասվում է անցում ընդհանուր համագործակցության ձևակերպումներից դեպի կոնկրետ նախագծեր՝ տվյալների կենտրոնների և հաշվարկային հզորությունների զարգացում, կրթական և հետազոտական ծրագրեր, ամերիկյան ընկերությունների մասնակցություն և աշխատատեղերի ստեղծում։ Արդյունքի չափանիշը ենթակառուցվածքների և մասնագիտական թիմերի գործարկումն է Հայաստանում։

Փոխնախագահ Վենսի այցը պետք է դառնա այն կետը, որտեղ հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական, ինստիտուցիոնալ փուլ՝ հստակ որոշումներով, պատասխանատվությամբ և չափելի արդյունքներով՝ ինչն է սկսվում հիմա, ինչպես է իրականացվում և ինչ արդյունք է տալիս Հայաստանի անվտանգությանը, տնտեսությանը և երկարաժամկետ կայունությանը»։

Leave a comment