Ներկայացնում ենք Փարիզի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Sciences Po) գիտաշախատող Էնթոնի Դաբիլայի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Էնթոնի Դաբիլա
Միջուկային զենքը մեծ տերությունների միջեւ նվաճողական պատերազմներն անհավանական դարձրեց։ 1945 թվականից հետո միջուկային տերությունները կարող էին բախվել միմյանց հետ, սակայն հիմնականում անուղղակի՝ միջնորդավորված հակամարտությունների եւ ծայրամասային ճգնաժամերի միջոցով։ Թեեւ այս հակամարտությունները հաճախ արյունալի էին, չէր ակնկալվում, որ դրանք կհասնեն 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների բռնության մակարդակին։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը 2022 թվականին խախտեց այս վստահությունը։ Հարձակվելով այն երկրի վրա, որի անկախությունն ու անվտանգությունը Ռուսաստանը երաշխավորել էր 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով, նախագահ Վլադիմիր Պուտինը խաթարեց հետպատերազմյան կարգի հիմնարար դրույթներից մեկը։ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ իր միջուկային զինանոցի քողի ներքո մեծ տերությունը կարող է վարել լայնածավալ նվաճողական պատերազմ՝ առանց միջուկային էսկալացիա հրահրելու եւ չանցնելով այն սահմանագիծը, որը ժամանակին ընկալվում էր որպես բաժանարար գիծ սահմանափակ պատերազմի (փոքրածավալ զինված բախում) եւ աղետի միջեւ։
Այսպիսով, միջուկային շեմի հստակ ընկալումն այլեւս չի գործում։ Դրա փոխարեն ձեւավորվում է անորոշության գոտի՝ միջանկյալ տարածք, որտեղ թշնամական գործողությունները կարող են կուտակվել՝ առանց ավտոմատ կերպով միջուկային էսկալացիայի հանգեցնելու:
Սակայն զսպումը պայմանավորված չէ միայն զինանոցների առկայությամբ, այլեւ դրանց կիրառման վերաբերյալ կանխատեսելի սպասումներով։ Երբ այդ կանխատեսելիությունը խաթարվում է, մրցակից տերությունները սկսում են փորձարկել թույլատրելիի սահմանները, ինչի հետեւանքով հանդուրժողականության շեմն աստիճանաբար բարձրանում է։
Այս տեղաշարժը, իր հերթին, հնարավորություն է տալիս վերանայող տերություններին վերաձեւակերպել միջազգային համակարգի կանոնները սեփական շահերին համապատասխան, այդ թվում՝ ուժի կիրառման միջոցով։ Սահմանների անձեռնմխելիությունը, որը ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային կարգի անկյունաքարն է, աստիճանաբար դադարում է բացարձակ կանոն լինել եւ վերածվում է պայմանական նորմի, որը գործում է միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը ցանկանում եւ կարողանում է այն կիրառել։
Հատկանշական է, որ վերջին հինգ տարիների ամենախոշոր ռազմավարական խզումներից մի քանիսը տեղի են ունեցել հենց միջուկային կարողություն ունեցող պետությունների կողմից։ Ռուսաստանը փորձեց ենթարկեեցնել Ուկրաինան, ապա անեքսիայի ենթարկեց այդ երկրի մի քանի շրջաններ՝ անցնելով հյուծման պատերազմի ռազմավարությանը։ Իսրայելը, որը ոչ պաշտոնապես համարվում է միջուկային տերություն, 2023 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակմանը արձագանքեց աննախադեպ ռազմական գործողություններով՝ հարվածներ հասցնելով Գազայի հատվածում, ինչպես նաեւ Լիբանանում, Սիրիայում, Եմենում եւ Իրանում գտնվող թիրախներին։
Միացյալ Նահանգները ոչ միայն չկարողացավ պահպանել այն համակարգի երաշխավորի դերը, որի ձեւավորմանն ինքն էր մասնակցել, այլեւ որոշ դեպքերում նպաստեց դրա թուլացմանը։ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի բռնագրավման վերաբերյալ թույլ քողարկված սպառնալիքներն այս տեղաշարժի նշաններից էին։ Դրան հաջորդեցին Վենեսուելայում միջամտության գործողությունները եւ նախագահի առեւանգումը, իսկ այնուհետեւ՝ Իրանի հետ պատերազմը, որը սկսվեց առանց ՄԱԿ-ի մանդատի եւ առանց Կոնգրեսի հետ էական խորհրդակցության։
Այս իրադարձությունները ոչ միայն կուտակվում են, այլեւ փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց ազդեցությունը։ Վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանը ցույց է տվել, որ տնտեսական պատժամիջոցները կարող են շրջանցվել կամ մասամբ չեզոքացվել, որ Արեւմուտքի ռազմական աջակցությունը սահմանափակվում է արդյունաբերական եւ քաղաքական կարողությունների սահմաններով, եւ որ միջուկային զսպումը կարող է պայմաններ ստեղծել ավելի հավակնոտ տարածքային գործողությունների համար, քան նախկինում էր ենթադրվում։
Այս տեղաշարժն արմատապես փոխում է խթանների կառուցվածքը՝ նվազեցնելով ագրեսիայի սպասվող ծախսերը եւ մեծացնելով ակնկալվող օգուտները։ Արդյունքում ձեւավորվում է ոչ թե հանկարծակի համաշխարհային բախում, այլ տեղական հակամարտությունների ընդլայնում, որոնք այլեւս չեն սահմանափակվում սկզբնական շրջանակներով։ Այդ իմաստով՝ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է ծավալվել ամբողջությամբ միջուկային շեմից ցածր մակարդակում՝ սկիզբ դնելով ավանդական ռազմական բռնության անվերահսկելի շղթայական ռեակցիայի։
Էլեկտրատեխնիկան օգտակար փոխաբերություն է առաջարկում։ Սառը պատերազմի եւ դրան հաջորդած՝ Միացյալ Նահանգների անվիճելի գերիշխանության ժամանակաշրջանում միջազգային կարգի շրջանակներում զուգահեռաբար զարգանում էին հակամարտությունները։ Դրանցից մեկը կարող էր բռնկվել՝ առանց էական ազդեցություն ունենալու մյուսների վրա։ Մեկ տեղում տեղի ունեցող «կարճ միացումը» չէր խաթարում ամբողջ համակարգի կայունությունը։
Այսօր հակամարտությունները գնալով ավելի փոխկապակցված են դառնում. յուրաքանչյուր նոր բռնկման կետ սրում է մյուսները եւ մեծացնում բեռն ամբողջ համակարգի վրա։ Այս պայմաններում պատերազմները դադարում են լինել մեկուսացված երեւույթներ եւ կարող են միավորվել մեկ ընդհանուր ռազմավարական ճգնաժամի շրջանակում։
Ֆրանսիացի սոցիոլոգ Ռայմոնդ Արոնն այս խնդիրը նկատել էր դեռ մի քանի տասնամյակ առաջ։ 1951 թվականին գրված «Les Guerres en chaîne» («Շղթայված պատերազմներ») աշխատության մեջ նա պնդում էր, որ ամերիկացի ռազմավարագետները հակված են պատկերացնելու երկու հիմնական ապագա սցենար՝ զինված խաղաղություն առանց ուղղակի բախման կամ լայնածավալ պատերազմ, որը կարող է ավարտվել միջուկային աղետով։ Սակայն, ըստ նրա, այդ մոտեցումն անտեսում էր երրորդ հնարավորությունը՝ «սահմանափակ թեժ պատերազմները»։
Կորեական պատերազմի բռնկումը բացահայտեց այդ «կույր կետը»։ Այնուամենայնիվ, Սառը պատերազմի ընթացքում նույնիսկ «տաք» հակամարտությունները հիմնականում զսպված էին։ Օրինակ՝ Խորհրդային Միության եւ Չինաստանի կողմից Հյուսիսային Վիետնամին տրամադրվող աջակցությունը պետք է սահմանափակ կամ պաշտպանական լիներ։ Միջուկային զսպումը շարունակում էր սահմանափակել բռնության ինտենսիվությունը տարբեր ռազմաբեմերում։
Սակայն հակամարտությունների զսպման այս կարողությունը ներկայում թուլանում է մասամբ այն պատճառով, որ ոչ մի մեծ տերություն բավարար չափով ունակ չէ միաժամանակ մի քանի տեղական ճգնաժամ արդյունավետ կառավարել։ Միացյալ Նահանգները գործնականում կարող է ամբողջ ծավալով ներգրավվել միայն մեկ խոշոր պատերազմում։
Սա է գերիշխանության պարադոքսը. Միացյալ Նահանգները ստիպված է ներկայություն պահպանել համաշխարհային մակարդակով, մինչդեռ նրա մրցակիցները կարող են սահմանափակվել իրենց տարածաշրջանային գերիշխանությամբ։ Թայվանի կամ որեւէ այլ տարածաշրջանում ծագող ճգնաժամը կարող է բավարար լինել ռազմավարական գերբեռնվածություն առաջացնելու համար։ Եվրոպան դեռեւս բավարար չափով քաղաքականապես համախմբված չէ այդ բացը լրացնելու համար, իսկ Չինաստանը, չնայած իր աճող ազդեցությանը, քիչ հետաքրքրվածություն է ցուցաբերում գլոբալ կարգի պահպանմամբ՝ նախընտրելով կենտրոնանալ իր անմիջական շահերի պաշտպանության վրա։
Այս պայմաններում միայն միջուկային զինանոցների եւ պաշտպանական դաշինքների վրա հիմնված պասիվ անվտանգության քաղաքականությունը այլեւս բավարար չէ։ Զսպման կարողությունը վերականգնելու համար լիբերալ ժողովրդավարությունները պետք է վերակառուցեն իրենց կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները՝ վերանայելով ուժի կիրառումը կարգավորող նորմերը, ինչպես նաեւ ձեւավորելով նոր անվտանգության ռեժիմ, որը կհենվի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա եւ կգործի առանց մեկ գերիշխող երաշխավորի։
Քանի որ տնտեսական հզորությունը գնալով ավելի է բաշխվում, Միացյալ Նահանգների՝ որպես «անփոխարինելի ուժի» դարաշրջանը մոտենում է ավարտին։ Միջազգային համակարգը շարժվում է կա՛մ դեպի այն, ինչ ֆրանսիացի սոցիոլոգ Ժան Բեխլերն անվանել է «օլիգոբեւեռ աշխարհ»՝ մի քանի տերությունների կողմից ձեւավորված հարաբերական հավասարակշռության համակարգ, կա՛մ դեպի նոր երկբեւեռ կարգ, որը կենտրոնացած է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի շուրջ։
Անցումային այս շրջանում միջուկային զսպման պահպանումը վճռորոշ դեր կունենա ապագա զարգացումների համար։ Եթե այն խաթարվի, իրական վտանգը ոչ թե Արմագեդոնն է, այլ բռնության շարունակական սրացումը, որը ոչ ոք չի կարողանա զսպել։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org