Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ հերթական բանակցային փուլը տեղափոխվել է փետրվարի 4 և 5-ը և կանցկացվի Աբու Դաբիում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ հանդիպումները պետք է կայանային կիրակի՝ փետրվարի 1-ին, սակայն ամսաթվերը փոխվել են։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկման և հույս ունի, որ բանակցությունները վերջնաարդյունքում կմոտեցնեն պատերազմը իրական և արժանապատիվ ավարտին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները Աբու Դաբիում առաջին անգամ անցկացրել են ուղիղ բանակցություններ՝ ԱՄՆ-ի առաջարկած ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները, սակայն բանակցային շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնության գալ հիմնական հարցի շուրջ։ Ռուսաստանը պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասից, իսկ Կիևը մերժում է այդ պահանջը։ Դոնբասը Ուկրաինայի մաս է կազմում, սակայն մասամբ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։