Միրզոյանը և Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը

Քաղաքականություն

21.04.2026 | 23:12

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործընկերության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Երևանի քայլերը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment