Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է իր մակերեսի 99%-ը

Քաղաքականություն

21.04.2026 | 23:04

A23a սառցաբեկորը, որը մինչև 2025 թվականի վերջը համարվում էր աշխարհում ամենամեծը, «ավարտում է  իր պատմությունը», հաղորդում է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական  ինստիտուտը, գրում է Meduza-ն։

A23a սառցաբեկորը մասնատվել է փոքր կտորների՝ կորցնելով իր սկզբնական մակերեսի 99%-ը:

«Հունվարին սառցաբեկորի մակերեսը կազմում էր մոտավորապես 1300 քառակուսի կիլոմետր։ Ներկայում դրա մակերեսը կազմում է 50 քառակուսի կիլոմետրից պակաս»,- ասել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի սառույցի և հիդրոօդերևութաբանական տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Պոլինա Սոլոշչուկը։

Նա նշել է, որ «A23a սառցաբեկորը ներկայում լողում է մաքուր ջրերի միջով և բառացիորեն կոտրվում է մեր աչքերի առաջ»:

Վերջին երեք ամիսների ընթացքում A23a-ն անցել է մոտավորապես 1000 կիլոմետր և հատել Հարավային և Ատլանտյան օվկիանոսների սահմանը։ Այն ներկայում լողում է 49-րդ հարավային զուգահեռականի մոտ։

«A23a սառցաբեկորի պատմությունն ավարտված է»,- իր Telegram ալիքում նշել է ինստիտուտը։

A23a սառցաբեկորը 1986 թվականին Անտարկտիդայի Ֆիլչների սառցադաշտից անջատվել է։ Ձևավորման պահին դրա մակերեսը կազմել է 4170 քառակուսի կիլոմետր։

2025 թվականի վերջին A23a-ի մակերեսը կրճատվել էր մինչև 1370 քառակուսի կիլոմետր, ինչի պատճառով այն կորցրել էր աշխարհի ամենամեծ սառցաբեկորի կարգավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment