Հայաստանը ձևավորում է ներառական և իրազեկ գործընթաց՝ COP17-ին ընդառաջ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ համաժողովին (COP17) նախապատրաստական աշխատանքների շարունակման շրջանակում Հայաստանն ակտիվացնում է ջանքերը, որպեսզի ապահովի ազգային շահագրգիռ կողմերի լիարժեք տեղեկացվածությունը, ներգրավվածությունն ու պատրաստվածությունը՝ գործընթացին բովանդակային մասնակցություն ունենալու համար։

«Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում Դիլիջանում անցկացվել է կարողությունների զարգացման աշխատաժողով՝ «Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարություններն ու հիմնական փաստաթղթերը» խորագրով։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Ազգային աշխատաժողովը, որը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսում գտնվող Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում, նպատակ ուներ ամրապնդել ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքային հենքը և խթանել նրանց ակտիվ ու իրազեկ մասնակցությունը COP17-ին առնչվող գործընթացներին։

UNEP-ի և REC Caucasus-ի բազմոլորտ փորձագետների խումբը ներկայացրել է կենսաբազմազանության ոլորտի հիմնական միջազգային և ազգային փաստաթղթերը, ընդգծել առաջնահերթ մարտահրավերները և քննարկել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Միջոցառումը ծառայել է նաև որպես հարթակ՝ շահագրգիռ կողմերից առաջարկներ և դիտարկումներ հավաքագրելու համար COP17-ին Երևանում նախապատրաստական գործընթացների վերաբերյալ, որոնք կներկայացվեն համապատասխան մարմիններին՝ որպես Հայաստանի շարունակական նախապատրաստական աշխատանքների մաս։

Հայաստանի ձևավորվող առաջնահերթությունները COP17-ի շրջանակում ներկայացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության փորձագետ Կարեն Խաչատրյանը։ Նա առաջնային առաջնահերթություն է համարել ներառականությունը՝ շեշտելով բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց, երիտասարդների և այլ շահագրգիռ խմբերի լիարժեք ու բովանդակային մասնակցության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային համայնքների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը թե՛ COP17 գործընթացում, թե՛, ընդհանուր առմամբ, կենսաբազմազանության ոլորտում իրականացվող գործողություններում։

Երկրորդ առաջնահերթությունը վերաբերում է Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովմանը՝ արտացոլելով կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, առողջապահության և աղտոտվածության օրակարգերի միջև աճող փոխկապակցվածությունը։

«Այս հարցն արդեն ներառված է COP17-ի օրակարգում, – նշել է Կարեն Խաչատրյանը, – և այդ փոխկապակցված մարտահրավերների վերաբերյալ կընդունվեն համապատասխան որոշումներ»։

Աշխատաժողովի բացման ժամանակ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Հարությունյանն ընդգծել է հասարակության լայն ներգրավվածության կարևորությունը COP17-ին ընդառաջ։ «Նման միջոցառումները չափազանց կարևոր են թե՛ պետական կառույցների, թե՛ գիտական հանրույթի և քաղաքացիական հասարակության համար,- նշել է նա, – COP17-ին նախապատրաստվելը չի կարող իրականացվել միայն կառավարության կողմից։ Դա պահանջում է ամբողջ հասարակության ակտիվ ներգրավվածությունը»։

Նունե Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ընդհանուր ակնարկ՝ ընդգծելով դրա դերը որպես կենսաբազմազանության քաղաքականությունն ու գործողություններն ուղղորդող գլոբալ շրջանակ։ Նա կարևորել է Կողմերի պարտավորություններն էկոհամակարգերի վիճակի մշտադիտարկման, ռիսկերի գնահատման և առաջընթացի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին արձագանքել նոր ի հայտ եկող մարտահրավերներին և ապահովել համադրելի տվյալներ գլոբալ մակարդակում։ Ներկայացվել են նաև Կոնվենցիայի կառավարման կառուցվածքը, արձանագրությունները և հիմնական ռազմավարական գործիքները, այդ թվում՝ 30×30 նախաձեռնությունը, որի նպատակն է մինչև 2030 թվականը պաշտպանել ցամաքային և ծովային տարածքների 30 տոկոսը, վերականգնել դեգրադացված էկոհամակարգերի 30 տոկոսը, կանգնեցնել ցեղատեսակների վերացման միտումները և էապես ընդլայնել կենսաբազմազանության ֆինանսավորումը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոնվենցիայի առնչությանը կայուն գյուղատնտեսության, անտառային տնտեսության, էներգետիկայի, ավանդական գիտելիքների և համայնքային իրավունքների հետ։ Նունե Հարությունյանը նշել է, որ Կալիի հիմնադրամի միջոցների առնվազն 50 տոկոսը կուղղվի բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ ճանաչելով նրանց կենսաբազմազանության պահպանման գործում որպես հիմնական պահապանների դերը։ Նա նաև ընդգծել է COP16-ում ընդունված որոշումները, այդ թվում՝ գենետիկական ռեսուրսներից ստացված տվյալները առևտրային նպատակներով օգտագործող ընկերություններից ներդրումների մոբիլիզացումը, որոնց միջոցները կուղղվեն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը։

Անդրադառնալով COP16-ի արդյունքներին՝ Նունե Հարությունյանը կարևորել է գլոբալ որոշումներն ազգային առաջնահերթությունների վերածելու անհրաժեշտությունը։ «Հայաստանը պետք է COP17-ին իր ռազմավարությունը կառուցի COP16-ի արդյունքների հիման վրա»,- ընդգծել է նա՝ նշելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արագացված իրականացումը, կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների գործարկումը, գլոբալ կենսաբազմազանության գնահատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև կենսաբազմազանության ավելի ուժեղ ինտեգրումը սննդային համակարգերում և կանաչ տնտեսության զարգացման ուղիներում։

Նա նաև COP17-ը բնութագրել է որպես Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն. «COP17-ը գործընկերություններ ձևավորելու և դաշնակիցներ ձեռք բերելու հարթակ է։ Ամենակարևորը՝ այն հնարավորություն է տալիս Հայաստանին հստակ ձևակերպել իր առաջնահերթությունները և սահմանել հստակ նպատակներ»։

Երրորդ առաջնահերթությունն է ապահովել, որ COP17-ի բանակցությունները լինեն իրականացմանն ուղղված՝ խթանելով թափանցիկ, գիտահեն և լուծումների վրա կենտրոնացած մոտեցումները՝ Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրագործումն արագացնելու համար։

Միջազգային շրջանակներին զուգահեռ աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խորացված քննարկումներ նաև Հայաստանի Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայացրել է UNEP-ի միջազգային կենսաբազմազանության մասնագետ Ալլա Ալեքսանյանը, ինչպես նաև Նագոյայի և Կարթագենի արձանագրությունների վերաբերյալ՝ դրանց ազդեցության և Հայաստանի պարտավորությունների մասին, որոնք ներկայացրել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Տատյանա Դանիելյանը։ Քննարկումները շարունակվել են դեկտեմբերի 12-ին՝ ամրապնդելով մասնակիցների միջև երկխոսությունն ու ընդհանուր ըմբռնումը։

Մասնակիցները ներկայացրել են տարբեր գաղափարներ COP17-ին նախապատրաստման և շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ, այդ թվում՝ COP17-ի նախապատրաստական և կենսաբազմազանության կառավարման գործընթացների համակարգման մեխանիզմների ուժեղացման և ձևակերպման անհրաժեշտությունը, քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների և Շրջակա միջավայրի նախարարության միջև ուղիղ կապի ապահովումը պլանավորման և նախապատրաստման փուլերում (օրինակ՝ համագործակցության թվային հարթակների ստեղծում, COP17-ին գրանցման գործընթացի վերաբերյալ իրազեկում և այլ կարևոր հարցեր)։ Քննարկվել են նաև Հայաստանի համայնքների ներգրավման հնարավորությունները՝ COP17-ի շրջանակում առանձին միջոցառումների կամ COP-ին առնչվող իրադարձությունների հյուրընկալման, ինչպես նաև երկրի բնության և համայնքների ներկայացման նպատակով։

Այսպիսի ներառական և գիտելիքահեն նախաձեռնությունների միջոցով Հայաստանը հիմք է դնում COP17-ի հաջող անցկացման համար՝ ապահովելով ազգային հիմք ունեցող, գլոբալ առումով արդիական և կենսաբազմազանության ու կայուն զարգացման համար շոշափելի արդյունքների ուղղված գործընթաց։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

Հունվար 27, 2026 at 21:38

Leave a comment