ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել գործնական արդյունքների

Քաղաքականություն

21.04.2026 | 20:13

ՄԱԿ-ում Բարեկեցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը կարևորել է մարդու բարեկեցությունը միջազգային օրակարգի կենտրոնում պահելու անհրաժեշտությունը՝ շեշտելով կանխարգելման, դիմակայունության, առողջապահական հավասարության և միջազգային համագործակցության նշանակությունը։

«Անդրադառնալով մարդու բարեկեցությունը միջազգային համատեղ ջանքերի կենտրոնում դնելու անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց համապարփակ մոտեցում որդեգրելու կարևորությունը, որը ներառում է նաև՝ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և բնապահպանական հարթությունները։

Նշվեց, որ աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում կանխարգելումը, դիմակայունությունը և միջազգային համագործակցությունը առանցքային նշանակություն ունեն փոխկապակցված ռիսկերի հաղթահարման և ապագա ճգնաժամերի, ներառյալ՝ համավարակների մասով պատրաստվածության բարձրացման համար։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշատակեց, որ Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում նախաձեռնել է «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» խորագրով բանաձևը։

Նշվեց բարեկեցության, կրթության, խաղաղության, կայուն զարգացման և առողջ էկոհամակարգերի փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում, առանձնանշվեցին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում հյուրընկալելու նպատակով գործադրվող ջանքերը և ուրվագծվեց նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Պ.Հովհաննիսյանը կոչ արեց բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել կոնկրետ և ազդեցություն թողնող արդյունքների»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment