Մեդիան Հայաստանում. «աղքատ բարեկամ», «չափման միավոր», թե՞ հարգված գործընկեր

Հայաստանում մեդիայի եւ բիզնեսի հարաբերությունները հիմնականում ոչ թե կայուն գործընկերություն են, այլ՝ զգուշավոր համակեցություն։ Իսկ ավելի հաճախ՝ պարզապես «պատվիրատուի» եւ «կատարողի» հարաբերություն. առաջինը տրամադրում է մամուլի հաղորդագրություն, երկրորդը՝ ստանում է վճարը եւ տեղադրում այն: 
 
Մեդիայի եւ բիզնեսի երկխոսության խնդիրները քննարկելու եւ հնարավոր լուծումները շոշափելու նպատակով 2026 թվականի ապրիլի 18-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock 2026» կոնֆերանսի շրջանակում անցկացրեց «Գործընկերություն հանուն կայունության. մեդիան եւ բիզնեսը բազմաճգնաժամի պայմաններում» քննարկումը։
Բացման խոսքում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասաց, որ գաղափարն առաջացել էր 2025թ. դեկտեմբերին, երբ Banks.am կայքում հրապարակվեց «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական ինժեներիայի դաշտից վերնագրված հարցազրույցը:
Շուշան Հարությունյանի հետ զրույցով էլ մեկնարկեց քննարկումը:
Նա պատմեց, որ «ԱքսելՄոնդրիան»-ը որակական հետազոտություն է անցկացրել, որը ներառել է 50 մեդիա ներկայացուցիչների եւ 50 գործարարների։ Թեեւ ամբողջական արդյունքները դեռ պատրաստ չեն, նախնական տվյալները ցույց են տալիս, որ ընկալումների տարբերությունը զգալի է։
 
Մեդիայի ներկայացուցիչների 61%-ը վստահ է, որ ունի բավարար մասնագիտական կարողություններ տնտեսական թեմաները լուսաբանելու համար, մինչդեռ գործարարների միայն 26%-ն է կիսում այդ կարծիքը։ Բիզնեսի ներկայացուցիչները հաճախ պնդում են, որ մեդիան տնտեսությունը ներկայացնում է միակողմանի կամ բացասական լույսի ներքո։
Մյուս կողմից՝ մեդիայի ներսում եւս կան դժգոհություններ. հարցվածների 34%-ը նշում է, որ բիզնեսի հետ աշխատելիս դժվար է գտնել որակյալ խոսնակներ, ինչի հետեւանքով նույնիսկ պատրաստակամ համագործակցությունը երբեմն չի վերածվում բովանդակային արդյունքի։
Գործարարների 81.5%-ը կարեւորում է մեդիայի հետ երկխոսությունը, սակայն համարում է, որ այն այսօր բավարար չափով զարգացած չէ։ 67%-ը պատրաստ է այդ երկխոսությանը, իսկ մեդիայի «կողմում» այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 92%։ Թվերը փաստում են. խնդիրը ոչ թե պատրաստակամության բացակայությունն է, այլ վստահության եւ մեխանիզմների պակասը, ինչպես նաեւ «առաջին քայլը» անելու անկարողությունը:
Արա Թադեւոսյանն առաջարկեց անկեղծ լինել եւ ընդունել, որ Հայաստանում մեդիան հաճախ գործում է սահմանափակումների պայմաններում. փոքր շուկան, գովազդատուներից եւ գործընկերներից անուղղակի կախումը հաճախ սահմանափակում են քննադատական կամ անկախ բովանդակության հնարավորությունները։
«Մեդիան կարող է բիզնես լինել. հարցական նշանով, թե՞ առանց» պանելային քննարկման մասնակիցներն էին Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը, Հետքի տնօրեն Քրիստինա Բարսեղյանը, Factor TV-ի գործադիր տնօրեն Արեւիկ Սահակյանը եւ Media Systems գովազդային գործակալության տնօրեն Յանա Յանիկյանը:
 
«Պիտի «զրոյական» կետից սկսենք»
 
«Երբ լսում եմ՝ «մեդիա-բիզնես Հայաստանում», դրան թերահավատորեն եմ մոտենում», – խոստովանեց Քրիստինա Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն ֆինանսական մոդելը չէ, այլ Հայաստանի անկախությունից հետո ձեւավորված ժառանգությունը։ «Մենք ի սկզբանե ստեղծվել էինք որպես հանրային շահ սպասարկող, ոչ թե եկամուտ հետապնդող հաստատություններ», – նշեց նա՝ հավելելով, որ հետաքննական լրագրությունը ինքնին սահմանափակում է որոշ բիզնես-մոդելների օգտագործումը:
 
«Այսօր երեւի պիտի պայմանական «զրոյական» կետից սկսենք, եթե ուզում ենք հասկանալ՝ ինչ ենք կառուցում», – կարծիք հայտնեց նա:
«Հանրային շահ սպասարկող մեդիան չի կարող շահույթ ապահովել»
 
Factor TV-ի տնօրեն Արեւիկ Սահակյանը հավելեց, որ հանրային շահի սպասարկումը հակասության մեջ է «մաքուր» բիզնես տրամաբանության հետ.
«Ժողովրդավարական արժեքների ամրապնդման առաքելությունը մեզ մեծ դաշտ չի թողնում բիզնես մտածողության համար»։
Արեւիկ Սահակյանը նշեց, որ Factor TV-ում գովազդ առհասարակ չկա եւ կազմակերպությունը բացառապես նպատակային դրամաշնորհային ֆինանսավորում է ստանում:
«Լիարժեք ինքնաբավության մասին խոսել չենք կարող»
 
Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ասաց, որ տարիներ առաջ որոշել են եկամտի հավելյալ աղբյուրներ ստեղծել եւ գործարկել են Civilnet Studio ձեւաչափը: Հիմա նպատակ ունեն ավելացնել դրա մասնաբաժինը եկամուտների ընդհանուր հոսքում:
«Սկզբնական փուլում ավելի մեծ կախվածություն ունեինք դրամաշնորհներից, հետո հասկացանք, որ դրանք կայուն չեն։ Այնուամենայնիվ, լիարժեք ինքնաբավության մասին դեռ խոսել չենք կարող։ Իրականությունն այն է, որ առանց դոնորների լիարժեք գործունեություն չենք կարող վարել», – ասաց նա։
Կարեն Հարությունյանի կարծիքով, մեդիայի եւ բիզնեսի հարաբերությունների կայունացմանն ու առողջացմանը կարող է նպաստել կապիտալի շուկայի զարգացումը, երբ հանրային դառնալով, ընկերություններն ավելի շահագրգիռ կլինեն «բացվել» հասարակության համար:
 
«Գտնել ոսկե միջինը»
 
Media Systems գովազդային գործակալության տնօրեն Յանա Յանիկյանը խոսեց գովազդային շուկայի հայեցակարգային խնդիրների մասին։ Մասնավորապես, գովազդային բյուջեների զգալի մասն այսօր ուղղվում է միջազգային հարթակներ՝ Google, Meta, Yandex եւ այլ:
«Մի կողմից, դա տեխնոլոգիական առաջընթացի անխուսափելի արդյունք է, մյուս կողմից՝ տեղական մեդիայի թուլացման պատճառ է դառնում», – ասաց Յանա Յանիկյանը:
Խոսելով մեդիաների եւ բիզնեսի ավելի անհատականացված հարաբերությունների կառուցման հեռանկարի մասին, Media Systems-ի ղեկավարն ասաց, որ այդ ուղղությամբ կարելի է եւ պետք է աշխատել ու գովազդային գործակալությունները կարող են «կամուրջ» լինել: Միեւնույն ժամանակ, շեշտեց Յանա Յանիկյանը, մեդիաները պետք է գիտակցեն, որ բիզնեսը չափելի արդյունքների կարիք ունի, իսկ անհատականացված կամ հատուկ նախագծերի դեպքում դրանք ստանալը երբեմն ավելի դժվար է:
Այս առիթով Արա Թադեւոսյանը հիշեցրեց Շուշան Հարությունյանի հետեւյալ խոսքերը.
«Խոշոր բիզնեսը սկսել է խաղալ փոքր ու միջինի կանոններով, իսկ ռազմավարական հաղորդակցությունը փոխարինել է ուղիղ գովազդով: Կարճաժամկետ կտրվածքով սա բարձրացնում է վերջինիս մրցունակությունը: Երկարաժամկետ տեսակետից խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական ինժեներիայի դաշտից»:
Արձագանքելով չափելիության մասին Յանա Յանկիկյանի դիտարկմանը, Քրիստինա Բարսեղյանը անկեղծացավ.
«Հոգնել ենք չափումների, կոնվերսիաների (երբ օգտատերը որոշակի գործողություն է կատարում-խմբ.) մասին խոսքերից»:
Media Systems-ի ղեկավարն էլ հակադարձեց, որ եթե տվյալ գովազդային արշավի նպատակը վաճառքների ապահովումն է, ապա կոնվերսիաների բացակայությունը կնշանակի, որ արշավն արդյունքի չի հասել: Նրա խոսքով, անհրաժեշտ է բալանս ապահովել որակյալ մեդիա-պրոդուկտների եւ չափելի գովազդի միջեւ։
«Եթե կարողանանք գտնել այդ ոսկե միջինը, էական քայլ կանենք դեպի առողջ մեդիա եւ առողջ բիզնես», – նշեց նա:
Քրիստինա Բարսեղյանն ասաց, որ մեդիաները պետք է փորձեն մոնետիզացնել սեփական հմտություններն ու ստեղծագործական ներուժը, սակայն դա անելու համար անհրաժեշտ գործիքներն ու պայմանները հաճախ բացակայում են կամ լիարժեք չեն գործում։
Նա օրինակ բերեց YouTube-ի երկար սպասված մոնետիզացիան, որը դեռ լիարժեք չի գործում եւ հասկանալի չէ, թե ինչպես են ստացվելու գումարները, եթե PayPal-ը եւս Հայաստանում լիարժեք չի գործում:
«Մեդիան եւ բիզնեսը՝ ինչպես (եւ ինչու) կառուցել գործընկերություն» պանելային քննարկման մասնակիցներն էին Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը, Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նաիրա Նազարյանը, IDBank/Idram-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը եւ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:
 
«Այլեւս մեդիա չենք՝ կոնտենտ պրովայդեր ենք»
 
Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ մեդիայի դերը փոխվել է, իսկ պայմանական սահմանները ընդլայնվել են: 
«Մենք մեզ այսօր դիտարկում ենք որպես կոնտենտ պրովայդեր՝ լինի դա գիրք, հոդված, փոդքասթ, թե ֆիլմ», – ասաց նա։
Նրա խոսքով՝ շատ ցանկալի է, որ գործընկերությունը դուրս գա «հովանավորություն» տրամաբանությունից եւ համատեղ բովանդակության ստեղծում դառնա։
Արտակ Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ որքան էլ տարբեր լինեն ձեւակերպումները, ընդհանուր եզրահանգումը մնում է նույնը՝ առանց միմյանց լսելու եւ վստահության մեխանիզմներ ստեղծելու, այդ հարաբերությունները մնալու են զգուշավոր համակեցության շրջանակում։
«Կոնտենտը պետք է դառնա արժեք»
 
IDBank/Idram-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը քննարկումը տեղափոխեց ավելի գործնական դաշտ՝ նշելով, որ տեղեկատվական հոսքերի ծավալը ծանրաբեռնող է դարձել։
«Կոնտենտը պետք է տարբերվի, պետք է դառնա արժեք, ոչ թե պարզապես տեղեկատվություն», – ասաց նա։
Խոսելով մեդիայի հետ հարաբերությունների մասին, Տաթեւիկ Վարդեւանյանը գոհունակությամբ նշեց, որ երբ Հայաստանում ֆինանսական խարդախությունների մեծ «ալիք» կար, մի շարք մեդիաներ, այդ թվում՝ Հետքը, մշտապես լսելի են դարձրել նաեւ իրենց դիրքորոշումը՝ հավասարակշռված լուսաբանում ապահովելով: 
«Բիզնեսը ցանկանում է համատեղ բովանդակություն»
 
Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նաիրա Նազարյանը քննարկման ընթացքում նշեց որ բիզնեսն ակնկալում է մամուլի հաղորդագրությունների տարածումից անցում կատարել դեպի ավելի ստեղծագործ համագործակցություն։ 
Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են մեդիաներին առաջարկել գաղափարներ՝ համատեղ բովանդակություն ստեղծելու համար, ինչը լսարանի համար ավելի հետաքրքիր եւ արժեքավոր կլինի։
Նաիրա Նազարյանը նշեց, որ տարիներ առաջ շփումն ավելի անմիջական էր՝ մեդիան ու բիզնեսը քննարկում էին նյութերը, ձեւաչափերը, որոշումներ էին կայացնում երկխոսության միջոցով, մինչդեռ այսօր այդ կապը զգալիորեն թուլացել է։
Career City Fest-ի հաջող օրինակը
 
Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցի կարծիքով, խնդիրներից մեկն այն է, որ հաճախ մեդիաների եւ բիզնեսի հարաբերությունները կառուցվում է ոչ թի ինստիտուցիոնալ հիմքերի, այլ անձնական կապերի վրա:
Արա Թադեւոսյանը կարծիք հայտնեց, որ խոշոր ընկերությունները կարող են մեդիաների հետ աշխատել տենդերային հիմունքներով, բովանդակության ստեղծման մրցույթներ հայտարարեն եւ ընտրեն այն մեդիաներին, որոնք կառաջարկեն որակի եւ գնի լավագույն հարաբերակցությունը:
Սերգեյ Ուսնունցը թերահավատ էր՝ իր կարծիքով, մեծ ընկերությունները դժվար կարողանան համապատասխան տեխնիկական առաջադրանք կազմել, քանի որ հաճախ չգիտեն, թե ինչ մեդիա-բովանդակության կարիք ունեն:
Skill Event Marketing-ի ղեկավարը խոսեց գործընկերության հաջող փորձի մասին, որը ձեւավորել են Tert.am-ի հետ: «Երբ կազմակերպում էինք մեր առաջին Career City Fest-ը, Tert.am-ը «ընկերական» լուսաբանում էր այն: Սակայն հաջորդող տարիներին Career City Fest-ում տաղավար ունենալով, Tert.am-ը մոնետիզացիայի հնարավորություններ ստացավ՝ ներկայացված ընկերություններից շատերը տեղում առանձին լուսաբանում էին պատվիրում իրենց»:
«Մեդիան հաճախ դառնում է «աղքատ բարեկամ»
Արտակ Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին մեդիան գործում է «թշնամական միջավայրում», երբ հանրության մեջ հետեւողականորեն անվստահություն է ձեւավորվում լրատվամիջոցների նկատմամբ։
«Մենք գործ ունենք ոչ թե պարզապես շուկայական անհավասարակշռության, այլ մտածողության խորը ճգնաժամի հետ. բիզնեսը շարունակում է գերադասել արագ դիտելիություն ու թվային աղմուկ ստեղծող գործիքներ, մինչդեռ մեդիայի հետ համակարգային, երկարաժամկետ համագործակցությունը մնում է ստվերում։ 
Արդյունքում ձեւավորվում է պարադոքսալ իրավիճակ. ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կա արագ էֆեկտ, բայց ոչ կայուն վստահություն, մինչդեռ հենց մեդիան է ստեղծում այն բովանդակային ու արժեքային հիմքը, որի վրա կառուցվում է հանրային ընկալումը», – ասաց նա:
Արտակ Ալեքսանյանը նաեւ ընդգծեց, որ մեդիան հաճախ հանդես է գալիս «աղքատ բարեկամ»-ի դերում՝ հիշվում է միայն ճգնաժամային իրավիճակներում, երբ բիզնեսին անհրաժեշտ է հանրային վստահություն ձեռք բերել։ Արդյունքում մեդիան թուլանում է, իսկ դաշտում պակասում են պրոֆեսիոնալ լրագրողները։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment