Կներկայացվեն Ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց Ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ կներկայացվեն դեռեւս Հայոց ցեղասպանության տարիներին հայ անհատների, հայկական հոգեւոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման եւ արխիվային հիմնական կենտրոններով:
«Փաստահավաք գործն իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին, որոնք մի կողմ դնելով անձնական ողբերգության եւ զոհի հուզական կողմերը՝ մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով լծվում են այդ կարեւոր առաքելությանը: Վկայություններն ու վավերագրերը հայ ժողովրդի հավաքական գոյության ճակատագրական պահին ոճրագործությանը դիմադրելու, սեփական պատմությունն ու հիշողությունը պահպանելու եւ փոխանցելու կարեւոր ցուցիչներ են։ Այս վավերագրերը՝ որպես առաջնային եւ հիմնարար սկզբնաղբյուր, դրվեցին Հայոց ցեղասպանության հետագա ուսումնասիրության հիմքում», – հայտնում են թանգարան-ինստիտուտից:

Leave a comment