Թեհրանը կոչ է անում ազատ արձակել ԱՄՆ-ի կողմից առգրավված բեռնատար նավն ու դրա անձնակազմին

Քաղաքականություն

21.04.2026 | 13:49

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իրանական «Տուսկա» բեռնանավի առգրավումը ամերիկյան ուժերի կողմից և կոչ արել «անհապաղ ազատ արձակել իրանական նավը, նավաստիներին, անձնակազմին և նրանց ընտանիքներին», գրում է CNN-ը։

Կիրակի ԱՄՆ ռազմածովային ուժերը կրակ էին բացել իրանական դրոշի ներքո նավարկող նավի վրա ու և առգրավել, երբ այն փորձել էր անցնել Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության։ Զինվորականների կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կառավարվող հրթիռներով ականակիրը կրակ բացում նավի վրա, և ինչպես են ծովային հետևակայիններն ուղղաթիռներից իջնում ​​դրա տախտակամած։

Իրանը նախկինում խոստացել էր արձագանքել նավի առգրավմանը, որը ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ անվանել էր «չափազանց վտանգավոր» և «հանցավոր»։

«Կասկած չկա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը, ինչպես նաև իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հստակ չէ, թե քանի մարդ է եղել նավի վրա և արդյո՞ք նրանք իրանցիներ են։ CNN-ը կապ է հաստատել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հետ՝ անձնակազմի ազգության և բեռնատար նավի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Վերլուծաբանները նշում են, որ անձնակազմի ճակատագիրը կախված է նրանց ազգությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment