Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի»–ի

Այս տարի ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» անվանակարգում


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի 2026 թվականի հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ:


2025 թվականին թողարկված գերբնական սարսափ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Վիզուալ մեդիաների համար սաունդթրեքերի լավագույն ժողովածու» (Best Compilation Soundtrack for Visual Media) անվանակարգում:


Սաունդթրեքի ստեղծմանը մասնակցել են բազմաթիվ արտիստներ, սակայն մասնակիցների մեծ քանակի պատճառով «Գրեմմի» մրցանակը շնորհվել է ժողովածուի պրոդյուսերներ Ռայան Կուգլերին, Լյուդվիգ Յորանսոնին և Սերենա Յորանսոնին, ինչպես նաև երաժշտական համակարգող Նիկի Շերոդին, գրում է Forbes–ը։ 


Այս անվանակարգերում Սև Օհանյանի և Ռայան Քուգլերի համատեղ ֆիլմն առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են «Wicked»-ը, «F1»-ը, «KPop Demon Hunters»-ը և «A Complete Unknown»-ը: 


Բացի այդ, ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը հաղթել է «Տեսողական մեդիայի լավագույն սաունդթրեք-ալբոմ» (Best Score Soundtrack Album) անվանակարգում: 


Միակ անվանակարգը, որում «Sinners» -ը չի հաղթել, «Տեսողական մեդիայի համար գրված լավագույն երգն» էր (Best Song Written for Visual Media), որտեղ ֆիլմն ուներ երեք առաջադրված երգ՝ «I Lied to You», «Pale, Pale Moon» և «Sinners»: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել «KPop Demon Hunters» ֆիլմի «Golden» երգը: 


Հիշեցնենք, որ այս տարի ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։ 


«Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգում։ 


Ֆիլմն այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ դրամա ժանրում։ 


«Sinners»-ը կինոէկրաններ է բարձրացել 2025 թվականի գարնանը։ Շուրջ 100 մլն դոլարի բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 368.3 մլն դոլար։


Leave a comment