Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես սպասվում է, երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից՝ ուղևորվելու Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների վերջին փուլին մասնակցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնել են ծրագրերին ծանոթ անձինք։

Նրանք ասել են, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է չորեքշաբթի Իսլամաբադում, միաժամանակ, նշել, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ իրանցիների կողմից շարունակվող բուռն հանրային հռետորաբանության պատճառով։

Սպիտակ տունը CNN-ին հայտնել է, որ ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։

«Մենք ակնկալում ենք, որ պատվիրակությունը շուտով կմեկնի ճանապարհ, բայց թե երբ՝ պարզ չէ»,- ասել են վարչակազմից։

Երկուշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ի հետ զրույցում ասել է, որ պատվիրակությունն «այժմ մեկնում է» Պակիստան և «այնտեղ կլինի այսօր երեկոյան»։ Սակայն այդ մեկնաբանությունները, կարծես, վաղաժամ էին։

Միաժամանակ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը դրականորեն է դիտարկում իր մասնակցությունը ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության բանակցություններին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Իրանցի պաշտոնյան ասել է, որ միջնորդ Պակիստանը դրական ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու և Իրանի մասնակցությունը խաղաղության բանակցություններին ապահովելու համար։

Բանակցություններին մասնակցող պակիստանյան աղբյուրը հայտնել է, որ երկշաբաթյա հրադադարն ավարտվում է ապրիլի 22-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment