Սնանկության գործընթացը տեղափոխվում է թվային դաշտ. ի՞նչ է փոխվելու ապրիլի 27-ից

Բաժանորդագրվել

Թղթային տարբերակով կներկայացվեն միայն պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանում սնանկության գործերով դատավարությունները թևակոխում են նոր փուլ. ապրիլի 27-ից ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկելու է սնանկության նոր` էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարությունից։

Նոր համակարգով փաստաթղթեր ներկայացնելը պարտադիր է լինելու կազմակերպությունների և բիզնեսի (իրավաբանական անձինք և ԱՁ-ներ), պետական և տեղական մարմինների, մասնագիտական խմբերի համար՝ փաստաբաններ, սնանկության կառավարիչներ, նոտարներ և հաշտարարներ։

«Իսկ ֆիզիկական անձինք, որոնք սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել են էլեկտրոնային համակարգում և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին»,– նշել է նախարարությունը:

Արդարադատության նախարարությունից հավելել են, որ ապրիլի 27-ից հետո սկսվող նոր դատական գործերով բոլոր հիմնական փաստաթղթերը պետք է ներկայացվեն բացառապես համակարգի միջոցով։ Դրանք են` հայցադիմումները և բողոքները, դիմումներն ու միջնորդությունները,առարկություններն ու դիրքորոշումները։ Բացառություն են միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները. դրանք շարունակվելու են ներկայացվել հին՝ թղթային եղանակով։

Նախարարությունից հիշեցրել են, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս տավա ապրիլի 16-ին հրապարակել է հայտարարություն սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ։

Leave a comment