Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը ժամանել է Հայաստան

Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանել Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:

Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդել է Մայր Տաճար, ուր կատարվել է  «Հրաշափառի» արարողությունը։
Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել եւ իր բարեմաղթանքներն է հղել Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին: 
Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն է հայտնել Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով եւ աղոթք է վերառաքել է Հայոց Եկեղեցու պայծառության,  հայ ժողովրդի բարօրության եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Այնուհետեւ Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:

Leave a comment