Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի թարգմանությունը։
Իեն Բրեմեր
Համընդհանուր կարծիք կար, որ պատերազմը Մերձավոր Արեւելքի նավթի արտադրության սրտում լուրջ վնաս կհասցնի Չինաստանին՝ աշխարհի առաջատար նավթ ներմուծողին, եւ նրա տատանվող տնտեսությանը: Այդպես չեղավ: Մինչ այժմ Չինաստանն ավելի լավ է դիմակայում Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմին, քան իր հարեւանները, եւ արդյունքում, կարծես, համեմատաբար ավելի ուժեղանալու է:
Ի տարբերություն Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի, որոնք պատերազմներ են սկսել անհամեմատելի մրցակիցների դեմ եւ անցանկալի անակնկալների հանդիպել, նախագահ Սի Ցզինպինը խուսափել է ավելորդ ռիսկերից՝ իր երկիրը երկարաժամկետ ուժի եւ կայունության դիրքերում պահելու համար: Մենք տեսանք, որ Սին զգուշավորությամբ արձագանքեց Քովիդ-19 համավարակի եւ Չինաստանի վերջին տարիների կառուցվածքային տնտեսական թույլ կողմերին:
Տեսանք նաեւ, որ Սին չկամեցավ ուղղակիորեն աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին կամ ճանաչել Պուտինի տարածքային պահանջները: Հիմա տեսնում ենք, որ Սին չի ցանկանում քննադատել Թրամփի ռմբակոծությունները Թեհրանում իր դաշնակիցների դեմ կամ անմիջականորեն օգնել Իրանին: ԱՄՆ նախագահի հրավերը՝ հաջորդ ամիս այցելելու Պեկին, ուժի մեջ է:
Չինաստանն այս պատերազմից ավելի քիչ է տուժել, քան կտուժեր նույնիսկ մի քանի տարի առաջ։ Նավթի պաշարները եւ վերամշակման հզորությունը նվազեցնում են մոտ ապագայում վառելիքի պակասի ռիսկը։ Խողովակաշարային գազը եւ գազի ներքին արտադրությունը մեղմում են Մերձավոր Արեւելքից հեղուկ բնական գազի կարիքը։ Եթե պատերազմը ձգձգվի, Պեկինը կարող է ավելի շատ էներգիա ստանալ բարեկամ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, եւ կարող է օգտագործել ինչպես իր հսկայական ածխի պաշարները, այնպես էլ վերականգնվող էներգիայի աղբյուրները։
Պատերազմը նույնիսկ որոշ առավելություններ է տվել Պեկինին։ Չինաստանի լիովին ինտեգրված մատակարարման շղթաները ավելի լավ են զսպում արտադրական ծախսերը, քան մրցակից արտահանողները։ Իսկ Հորմուզի նեղուցով էներգիայի փոխադրման խափանումները, որոնք կտրուկ բարձրացրել են ինչպես նավթի գները, այնպես էլ նավագնացության ապահովագրության արժեքը, կբարձրացնեն մաքուր տեխնոլոգիաների արտահանման պահանջարկը Չինաստանում, որը կմեծացնի էլեկտրաֆիկացման երկարաժամկետ ներդրումները եւ կդիվերսիֆիկացնի տնտեսությունը՝ նվազեցնելով կախվածությունը նավթից ու գազից։
Չինաստանը նաեւ ռազմավարական առումով է օգտվում պատերազմից, որը թուլացրել է ամերիկյան ռազմական ուժը։ Հակամարտությունը սպառել է ԱՄՆ-ի հեռահար հրթիռների եւ խափանող սարքերի պաշարները, որոնց վերականգնումը տարիներ կպահանջի։ THAAD-ի բաղադրիչները դուրս են բերվել Հարավային Կորեայից, Patriot մարտկոցները հասանելի չեն Ուկրաինայի եւ ԱՄՆ դաշնակիցների համար Ասիայում, իսկ ԱՄՆ ռազմածովային եւ օդային միջոցների վերատեղակայումը Մերձավոր Արեւելքում նոսրացրել է դրանց թիվը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Կուտակային ազդեցությունը քայքայում է ամերիկյան զսպման ուժը Պեկինի համար ամենակարեւոր թատերաբեմերում, իսկ ԱՄՆ դաշնակիցները՝ Սեուլից մինչեւ Տոկիո, լուռ վերագնահատում են, թե որքանով կայուն են Վաշինգտոնի անվտանգության պարտավորությունները։ Այս ամենը խորացնում է Վաշինգտոնի արդեն իսկ ծանր կախվածությունը չինական կարեւորագույն հանքանյութերի արտահանումից, որն անհրաժեշտ է նոր զենքի եւ զինամթերքի արտադրության համար: ԱՄՆ-ն, հավանաբար, կարող է Չինաստանի սահմանափակումներից խուսափելու լուծումներ գտնել առաջիկա երեք-հինգ տարիներին, բայց ավելի իրատեսական ժամանակահատվածը մեկ տասնամյակն է: Թրամփն ավելի թույլ բանակցային դիրք կունենա իր չինացի գործընկերոջ համեմատ՝ հաջորդ ամիս նախատեսված հանդիպման ժամանակ:
Իրան դեմ ԱՄՆ վարած պատերազմը Չինաստանի ռազմական պլանավորողներին հնարավորություն է տալիս մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն տեղակայում օդային եւ ծովային ուժերը, ինչպես են ամերիկացիները մարտադաշտում արհեստական բանականություն օգտագործում: Սա արժեքավոր տեղեկատվություն է, մասնավորապես՝ Թայվանի հետ կապված սցենարի համար: Պեկինը հետեւում է անօդաչու թռչող սարքերի վրա հիմնված խափանման մարտավարությանը, որն Իրանը կիրառել է Հորմուզում նավագնացության դեմ, եւ քննարկում է, թե ինչպես կարող է նմանատիպ մոտեցումը կիրառվել Թայվանի նեղուցում, օրինակ՝ կարանտինային սցենարում, որը կփորձարկի ԱՄՆ-ի արձագանքը՝ առանց լիարժեք ռազմական բախման պատճառ դառնալու:
Սին, սակայն, նախընտրում է Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը՝ ռազմական ուժը վերջին միջոց համարելով։ Նա քաջ գիտակցում է, որ 47 տարի առաջ Վիետնամի հետ սահմանային կռիվներից ի վեր չինական ուժերը իրական ռազմական բախումներում չեն ներգրավվել, եւ Չինաստանը երբեք ծովային ճակատամարտ չի վարել։
Չինաստանը գնալով ավելի վստահ է դառնում, որ կարող է խաղաղություն հասնել առանց պատերազմի։ Թրամփը, միեւնույնն է, չի կարողանա փոխել վարչակարգը Թեհրանում, եւ դիմացկուն Իրանը կարող է շարունակել բարձրացնել ժողովրդականություն չվայելող գերտերության ծախսերը։ Պատերազմի ամեն օրվա հետ տարածաշրջանի կառավարությունները եզրակացնում են, որ Պեկինի հետ լավ հարաբերությունները անփոխարինելի են վերակառուցման եւ երկարաժամկետ կայունության համար: Վերջին երկու տասնամյակներին երկկողմ առեւտուրը եռապատկվել է. Չինաստանը Մերձավոր Արեւելքից նավթի ամենամեծ գնորդն է, եւ տարածաշրջանը դարձել է չինական արտահանման, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների, ամպային ճարտարապետության, արհեստական բանականության հարթակների եւ խելացի քաղաքային համակարգերի համար ավելի ու ավելի կարեւոր շուկա: Չինաստանը կարող է նաեւ նստել բանակցային սեղանի շուրջ, երբ մարտերը դադարեն, հատկապես՝ ապահովելու համար, որ Հորմուզի նեղուցը երկարաժամկետ բաց մնա։
Այս ամենի հետ մեկտեղ, եթե այս պատերազմը շարունակվի եւս մի քանի շաբաթ, այն կգործի Պեկինի դեմ: ԱՄՆ ռազմածովային շրջափակումը զգալիորեն կրճատում է Իրանից Չինաստան նավթի արտահանման ծավալները: Պեկինը կխուսափի Վաշինգտոնի հետ այդ հարցի շուրջ ուղղակի բախումից, բայց տնտեսական խնդիրները Չինաստանին կստիպեն պնդել, որ հակամարտությունն ավարտվի բանակցությունների միջոցով: Չինացի առաջնորդները գիտակցում են նաեւ, որ միջնաժամկետ հեռանկարում դեռեւս կա տնտեսական խաթարման ռիսկ՝ Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքներին հետագա վնաս հասցնելու եւ Չինաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներին սպառնալիքների պատճառով։ Չինաստանի թուլացող տնտեսությանը չի օգնի, եթե Ասիայի եւ Եվրոպայի շուկաները, որոնք կլանում են չինական արտահանման մոտ 60%-ը, տուժեն աճի դանդաղումից, որը կկրճատի նաեւ չինական արտադրանքի պահանջարկը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: