«Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան է



Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ամփոփելով Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքները, հանդես է եկել տարածաշրջանային կոմունիկացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ կարևոր հայտարարություններով։ Նախարարն ընդգծել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար՝ որպես տրանսպորտային և տնտեսական առանցքային երթուղի։

«Տարածաշրջանի կապերն ուժեղացնելու տեսանկյունից Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր է։ Այդ հարցով ԵՄ-ի հետ սերտ կապերի մեջ ենք։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, տարածաշրջանում մեծ ու դրական զարգացում կլինի»,- ասել է Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Անկարան մեծ հույսեր ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայունության հաստատումը ուղիղ ճանապարհ է դեպի տնտեսական բարգավաճում, ինչից հավասարապես կշահեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և թե՛ Հայաստանը։ Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը վկայում է, որ «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան է, ընդ որում, նա ևս զերծ է մնում «Թրամփի ուղի» անվանելուց՝ ուղին կոչելով «Զանգեզուրի միջանցք»։





Leave a comment