Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը:

Արմենպրեսը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։  
«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչեւ այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ 
Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Հայաստանը դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Կառավարության ղեկավարն ասել է, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության անդամ։
«Բայց քանի դեռ ԵՄ չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ եւ կզարգացնի առեւտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Leave a comment