Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որտեղ առաջ է մղվելու թափանցիկության կարևորությունը:
Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նախաձեռնել է այս համաժողովը, քանի որ ոլորտում երկար ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը լուծելու համար մի քանի թիրախային միջամտություններ են անհրաժեշտ: «Շատ կարևոր է պարզել, տնտեսության ֆորմալացումը ցանկության, թե՞ կարողության հետևանք է, այսինքն՝ բիզնեսը չի՞ ցանկանում աշխատել, թե՞ չի կարողանում աշխատել»,- ասել է ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը:
Համաժողովին ներկա է եղել նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի(ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Նրա խոսքով հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է:
«Քանի որ մեր ոլորտը ստվերից ազատվելու խնդիր չունի և թափանցիկ աշխատելու տեսանկյունից համարվում է երկրում առաջամարտիկ, մենք այսօր մասնակցում ենք այս համաժողովին տնտեսության մեջ առկա խնդիրներին անդրադառնալու համար, չէ որ մենք գործունեություն ենք ծավալում Հայաստանում և մեր ոլորտը համարվում է տնտեսության շարժիչ ուժը:
Թափանցիկ աշխատելը չափազանց կարևոր է և մենք հպարտորեն արձանագրում ենք, որ ԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն է: Եվ ես հույս ունեմ, որ մեր երկրումն աշխատող ընկերությունները, հատկապես խոշորները, կհետևեն մեր օրինակին և կսկսեն հրապարակել նմանատիպ թափանցիկ հաշվետվություններ»,- ընդգծել է Վարդան Ջհանյանը: