Ովքեր և ինչպես են տարածում իշխանամետ բովանդակություն Facebook-ում

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ին։ Եվ չնայած դեռ ժամանակ կա, քաղաքական ուժերը սկսել են ընտրողների հետ հանդիպումներով ուղեկցվող իրենց քարոզարշավը։ 

Բացի իրական կյանքում հանրության հետ հանդիպումներից, քաղաքական ուժերը ակտիվ են նաև վիրտուալ հարթակում։

Սոցիալական մեդիան դարձել է քաղաքական ուղերձների տարածման առանցքային հարթակներից մեկը, որտեղ քարոզչությունը հաճախ իրականացվում է ոչ միայն կուսակցությունների պաշտոնական էջերով, այլ նաև տարբեր ոչ պաշտոնական կամ բազմաֆունկցիոնալ հարթակների միջոցով։

«Փաստերի ստուգման հարթակը» ապրիլի 6-20-ը դիտարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցող հաշիվների վարքագիծը։

Ուսումնասիրվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված նյութերը և քաղաքական թեմաներով շրջանառվող հիմնական ուղերձները։ Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես այն բովանդակությունը, որը կրկնվում է տարբեր օգտահաշիվներում և ունի լայն տարածում։

Ոչ բնական վարքագիծ դրսևորող էջեր

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր կեղծ օգտահաշիվների խնդրին, որոնց օգնությամբ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները արհեստական դրական կարծիք են ձևավորում՝ սոցցանցերում համակարգված վարքագիծ դրսևորելով։  

Կարդացեք նաև՝ Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից»․ Facebook-ում Կարապետյանին սատարող մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվները

Կեղծ էջերի կողմից իշխանության օգտին համակարգված արշավներ մեր մոնիտորինգի արդյունքում չենք նկատել։ Եթե ընթերցողը համակարգված արշավներ նկատել է, կարող է տրամադրել մեզ փաստեր։ 

Չնայած համակարգված, մեծածավալ կեղծ էջերի ցանց մեր մոնիտորինգը չի հայտնաբերել, այդուհանդերձ կան առանձին օգտահաշիվներ, որոնք դրսևորում են ոչ բնական ակտիվություն:

Այդ էջերը տարածում են իշխանությանը գովերգող ու ընդդիմությանը վարկաբեկող լրահոս (1, 2, 3, 4)։ 

Իշխանական թեզեր տարածող էջերի վարքագիծը

Իշխանությանն աջակցող բովանդակություն տարածող էջերը ֆեյսբուքյան տարածքում բազմաթիվ են ու բազմազան․ դրանք և՛ լրատվամիջոցներ են, և՛ պարզապես էջեր, որոնք տարածում են իշխանական քարոզչություն։

Անվանում Ստեղծման տարեթիվ Էջի հավանումների քանակ Ադմինների լոկացիա
O news 2019 17 հզր Հայաստան
Փաստեր 2015 144 հզր Հայաստան
Խաղաղություն 2023 4,7 հզր Հայաստան
Presstv.am 2013 49 հզր Հայաստան (1 ադմին՝ Իսպանիայում)
Խոսնակ 2018 94 հզր Հայաստան
Խոսնակ Լրատվական 2019 220 հզր Հայաստան
zarkerak.am 2021 103 հզր Հայաստան (1 ադմին՝ Բելգիայում)
yerevanpost.am 2018 119 հզր Հայաստան
araratnews.am 2013 287 հզր Հայաստան
Весело О Разном 2021 41 հզր Հայաստան
Կտորմը երկիր 2023 31 Հայաստան
Վարդագույն Քաղաք 2023 23 Հայաստան

Ինչպես երևում է, այս էջերից մի քանիսը ստեղծվել են վերջին տարիներին կամ փոխել են իրենց անվանումը՝ նախընտրական փուլին ընդառաջ։ 

Օրինակ, «O news»-ը սովորական էջ է, որը ստեղծվել է 2019 թվականին ու տարբեր տարիների ընթացքում անվանափոխությունների արդյունքում ստացել այս անունը։ Էջում կարճ տեսանյութեր են ու լուրեր, որոնք մեծ մասամբ ներկայացնում են իշխանության կամ պրոիշխանական ուժերի խոսույթը՝ «Սերժ Սարգսյանը եղել է խաղամոլության քայլող գովազդ», «Ուժեղը որնա՞ Սամվել Կարապետյանը, թե՞ անչամիչ բուլկին», «Հայաստանում ընդդիմությունը հենց Պուտինն է» և այլն։ 

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան էջից:

Նմանատիպ էջերում տարածվում են հիմնականում իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցների կամ աղբյուրների հրապարակումներ, տեսանյութեր։ Մյուսը՝ «Խաղաղություն» էջը, որը 2023-ին ստեղծվել է որպես «One Yerevan», անվանափոխվել է 2026-ի մարտի 31-ին ու տարածում է իշխանության խաղաղության խոսույթը։ Այս պահին էջն ունի շուրջ 9 (ապրիլի 20-ի դրությամբ) ակտիվ գովազդ, որոնք բոլորն էլ միացվել են ապրիլի 13-ին։ 

140 հազարից ավելի հետևորդ ունեցող «Փաստեր» էջը, որը նախկինում տարածել է «Կարգին հաղորդման» դրվագներ, Արամ Ասատրյանի երգերն ու աղոթելու կարևորության մասին աստվածաշնչյան մտքեր, այժմ իշխանական քարոզչության հարթակ է դարձել։ 

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան էջից:

«Весело О Разном» ֆեյսբուքյան էջը հաճախ հրապարակում է առաջին հայացքից շոկային և սենսացիոն վերնագրերով նյութեր՝ նպատակ ունենալով մեծացնել դիտումների քանակը և ապահովել էջի ակտիվությունը, օրինակ՝ «23։00-ից հետո փակ պահեք դռներն ու պատուհանները», «Ո՞վ է Տաթև Ասատրյանին բնակարան նվիրել», «Ինչո՞ւ են սպանել Մրգաշենի ատամնաբույժին» և նմանատիպ վերնագրեր։ Միևնույն ժամանակ, էջի «Reels» (կարճ տեսանյութեր) բաժնում հրապարակվում են իշխանական խոսույթ պարունակող տեսանյութեր, որոնք հիմնականում ներկայացվում են քաղաքացիների միջոցով։ Այսինքն՝ բովանդակությունը ձևավորվում է հարցումների հիման վրա, որտեղ «Վոքս փոփ» ձևաչափով հարցումների ժամանակ քաղաքացիները արտահայտում են իրենց կարծիքները, որոնք ունենում են առավելապես իշխանամետ բնույթ։

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան էջից:

Այսպիսի բովանդակությունը շատ արագ տարածվում է ալգորիթմների միջոցով և նպաստում, որ հանրության շրջանում հուզական արձագանքը գերակշռող լինի։ 

Արհեստական բանականությունը՝ (AI) քարոզարշավի մաս

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նկատվում է նաև արհեստական բանականության կիրառություն՝ քաղաքական տարբեր թեզերի տարածման նպատակով։ Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նման գործիքներն օգտագործվում են ինչպես իշխանության գործունեությունը դրական լույսի ներքո ներկայացնելու, այնպես էլ ընդդիմադիր գործիչներին անդրադառնալու և նրանց վերաբերյալ հիմնականում բացասական կարծիք ձևավորելու համար։ Հաճախ հերոսները հեգնական կամ ծիծաղելի կերպարներ են: 

Օրինակ՝ շրջանառվում են AI գործիքներով պատրաստված նյութեր, որոնք վերաբերում են Սամվել Կարապետյանի արտաքին տեսքին կամ գործունեությանը։ Միաժամանակ տարածվում են տարբեր պնդումներ, այդ թվում՝ նրան օտարերկրյա գործակալ ներկայացնող բովանդակություն, ինչպես նաև տեսանյութեր, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է ռեփ կատարողի կերպարում, իսկ Էդմոն Մարուքյանը՝ դիսկո պարողի (1, 2, 3, 4) ։

Խաղաղության օրակարգը՝ վիրտուալ տարածքում 

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է նաև այն պնդումը, թե գործող իշխանությունն է միակ ուժը, որը կարող է ապահովել երկրի խաղաղությունը։

Այս ուղերձը կրկնվում է տարբեր էջերում և օգտահաշիվներում՝ բարձրացնելով դրա տեսանելիությունը, օրինակ՝ ֆեյսբուքյան օգտահաշիվներն (1, 2, 3, 4, 5) իրենց էջերում ակտիվորեն կիսվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների գրառումներով կամ կարճ տեսանյութերով (ռիլերով)՝ դրանով նպաստելով նույն ուղերձի բազմապատիկ տարածմանը։ 

Շրջանառվում են նաև գովազդային նյութեր, որոնց հիմնական բովանդակությունը հետևյալն է․ պատկերների մի կողմում ներկայացված է Նիկոլ Փաշինյանը՝ կապույտ ֆոնի վրա, որն ասոցացվում է խաղաղության հետ, իսկ մյուս կողմում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը՝ սև ֆոնի վրա։ Նկատենք՝ իշխանական խոսույթում կա «պատերազմի եռագլուխ հրեշ» արտահայտությունը, որը վերագրվում է վերոնշյալ անձանց։ 

Նշված գովազդները հիմնականում տարածվում են այնպիսի էջերի միջոցով, որոնց հետևորդների քանակը չի գերազանցում 100-ը։ Այդպիսի էջեր են օրինակ՝ «Կտորմը երկիր» և «Վարդագույն Քաղաք» էջերը, որոնք ստեղծվել են 2023 թվականին՝ ընդամենը մեկ օր տարբերությամբ․ «Կտորմը երկիր»-ը՝ սեպտեմբերի 7-ին, իսկ «Վարդագույն Քաղաք»-ը՝ սեպտեմբերի 8-ին։ Դրանք ունեն շատ քիչ՝ շուրջ 40 հետևորդ և ոչ մի հրապարակում:

Ֆեյսբուքում քաղաքական բովանդակության տարածումն իրականացվում է բազմապիսի մեթոդներով՝ ներառելով

  • տարբեր թեմատիկայից քաղաքական բովանդակության անցում կատարած էջեր,
  • ոչ բնական ակտիվություն ցուցաբերող օգտահաշիվներ,
  • սենսացիոն և զվարճանքի բովանդակության համադրություն քաղաքական ուղերձների հետ,
  • ինչպես նաև արհեստական բանականության կիրառություն։

Այս գործիքները համակցված ձևով նպաստում են որոշակի ուղերձների լայն տարածմանը՝ ձևավորելով հանրային ընկալումներ նախընտրական շրջանում։

Սիլվա Գրիգորյան (փորձնակ լրագրող)

The post Ովքեր և ինչպես են տարածում իշխանամետ բովանդակություն Facebook-ում appeared first on FIP.AM.

Leave a comment