Խցանումների որոշ զանգված կապված է սխալ տեղում կայանած մեքենաների հետ․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին, անդրադառնալով ՏԻՄ օրենքի նոր փաթեթին, ընդգծեց, որ քաղաքի երթևեկության ծանրաբեռնվածության մի մասը կապված է սխալ կայանման հետ։

Ավինյանի խոսքով՝ թեև Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների նախագծում ի սկզբանե նախատեսված էր քարշակների գործառույթը քաղաքապետարանին փոխանցելու հնարավորություն, այդ դրույթը հանվել է՝ ՆԳՆ-ի առաջարկով։ Փոխարենը, Ներքին գործերի նախարարությունը ստանձնել է պարտավորություն՝ էապես ակտիվացնել սխալ կայանված մեքենաների տարհանումը։

«Ահռելի ծավալի խախտումներ ունենք և դրանց զգալի մասը ուղղակիորեն նպաստում է խցանումների ձևավորմանը»,- նշեց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ քարշակման ինտենսիվացումը կթեթևացնի երթևեկությունը։

Խցանումների բեռնաթափման համատեքստում Ավինյանը նաև կարևորեց ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումը։ Օրինակ՝ Հրազդանի կիրճում նախատեսվող շինաշխատանքների ընթացքում քննարկվել է ճանապարհահատվածների ժամանակավոր օգտագործումը որպես շինհրապարակ, ինչը ենթադրում է նաև երթևեկության վերակարգավորում։

Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները ակնկալում են որոշակի թեթևացում արդեն մայիսի 1-ից, երբ կբացվի երկար ժամանակ փակված ճանապարհահատվածը՝ նախագահական նստավայրի հետնամասում։ Ավինյանի գնահատմամբ՝ դրա գործարկումը կօգնի վերաբաշխել երթևեկությունը Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Վերին Անտառային և հարակից փողոցներում՝ նվազեցնելով գերբեռնվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Leave a comment