Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուստային համաձայնագրի» առաջին ստուգման արդյունքների շուրջ, որը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կանխարգելիչ գործիք՝ միտված մակրոտնտեսական կայունության պահպանմանը եւ կայուն տնտեսական աճի ապահովմանը։
«ԱՄՀ-ն առաջնահերթ է համարում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը՝ խելամիտ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների համադրության միջոցով։ Միաժամանակ ԱՄՀ-ն ընդգծում է ֆինանսական հատվածի զգոն վերահսկողության, կարգավորման եւ վերահսկողության շրջանակների շարունակական ամրապնդման, ինչպես նաեւ արտաքին անորոշություններից բխող փոփոխվող ռիսկերին արձագանքելու պատրաստվածության կարեւորությունը։ Այս ջանքերը նպատակ ունեն աջակցել կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով դիմակայունությունը՝ գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ $25.3 մլն։ Ծրագրի շրջանակում կշարունակվեն բարեփոխումները՝ միտված տնտեսական կայունության ամրապնդմանը եւ երկարաժամկետ աճի խթանմանը։
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: