Արմա՛ն, ես կզբաղեցնեմ քո տեղը. Սեն-Դենին մարտահրավեր նետեց Ծառուկյանին

UFC թեթև քաշային կարգի մարտիկ Բենուա Սեն-Դենին հայտարարել է իր հավակնոտ պլանների մասին՝ Սիդնեյում կայացած UFC 325 մրցաշարում Դեն Հուկերի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո:

Փետրվարի 1-ին կայացած մենամարտում ֆրանսիացին երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, ինչից հետո անմիջապես թիրախավորեց դիվիզիոնի առաջատարներին, այդ թվում՝ Արման Ծառուկյանին:

«Ինձ տիտղոսային մենամարտ տվեք, ես պատրաստ եմ։ Առանց հարգանքի տուրք մատուցելու ինձնից առաջ գտնվող տղաներին՝ նշեմ, որ ցանկանում եմ մրցել միայն BMF և բացարձակ չեմպիոնական գոտիների համար։ Միակ մրցակիցները, որոնց դիտարկում եմ, Մաքս Հոլոուեյն են, Չարլզ Օլիվեյրան, Ջասթին Գեյջին և Իլիա Թոփուրիան։

Այս ցուցակին կարելի է ավելացնել նաև Արման Ծառուկյանին, ով իրեն համարում է գլխավոր հավակնորդ։ Արմա՛ն, ես կհաղթեմ քեզ և կզբաղեցնեմ քո տեղը»,- հետմենամարտյա հարցազրույցում ասել է Սեն-Դենին։

Նախորդ մենամարտում Բենուա Սեն-Դենին (2025թ. նոյեմբեր, UFC 322) առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Բենեիլ Դարիուշին: Նրա հաշվին գրանցված է 17 հաղթանակ և 3 պարտություն:

Աղբյուրը՝ Armsport.am:

Leave a comment