Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում են ձյան տեսքով տեղումներ․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)

Սուրենյանը հայտնել է, թե երբ կվերանա սառը օդի լճացումը Երևանում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստան Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը։


Այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Վերջին 4-5 օրվա ընթացքում Արարարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով, առանձին հատվածներում նաև մառախուղով։ Բայց վաղը երեկոյան ժամերից Հայաստան Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4–ը ներառյալ, ինչի արդյունքում վաղը երեկոյան ժամերից սկսած մինչև փետրվարի 4–ը հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամու ուժգնացում մինչև 17–ից 20 մ վարկյան արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն», – նշել է Սուրենյանը։


Նա ավելացրել է․ քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովից, այն հարավարևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3–ը ներառյալ, հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում, օդի ջերմաստիճանը, այս օրերի համեմատ, կբարձրանա մոտ 7–ից 8 աստիճանով։


«Այսինքն, չնայած սպասվող տեղումներին, մենք հանրապետության ողջ տարածքում կունենանք օդի ջերմաստիճանի նկատելի բարձրացում և սառը օդի լճացման վերացում», – նշել է Սուրենյանը։





Leave a comment