Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ բանակցությունները սկսվել են
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները սկսվել են և արդեն հանգեցրել են բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության։
«Մենք սկսել ենք բանակցություններ, և կարծում եմ՝ շատ բանի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», – լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա քննարկել է Գրենլանդիայի հարցը եվրոպական երկրների ղեկավարների հետ։
«Նրանք (եվրոպական երկրների իշխանությունները – խմբ.) ցանկանում են դա անել (ԱՄՆ-ին՝ Գրենլանդիան գնելու գործարք կնքելու համար – խմբ.): Եվ ես կարծում եմ, որ դա հիանալի գործարք կլինի բոլորի համար, շատ կարևոր գործարք», – հավելել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ համաձայնեցված հարցերի մասին է խոսքը կամ ում հետ են ընթանում բանակցությունները։
Թրամփը կրկին նշել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար։
Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ մշակվել է Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։