Բրեթ Մաքգերք. Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հայացքները ձեւավորողի վերելքն ու վայրէջքը

Ներկայացնում ենք Foreign Policy ամսագրի կայքում հրապարակված The Man Who Shaped Washington’s View of the Middle East հոդվածի հայերեն թարգմանությունը:
Դիոն Նիսենբաում
Երբ թոք-շոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերը փորձագետ էր փնտրում, որպեսզի իր Late Show-ի հանդիսատեսին բացատրի Իրանի դեմ ամերիկյան պատերազմի էությունը, նա դիմեց Բրեթ Մաքգերքին՝ մի մարդու, որը Մերձավոր Արեւելքի հարցերով առանցքային խորհրդականն էր ԱՄՆ-ի չորս նախագահների օրոք։
«Չեմ կարծում, թե ամերիկացիներին բացատրել են խնդրի էությունը», – ասել էր Մաքգերքը Քոլբերին, ով այդ ժամանակ արդեն վենչուրային կապիտալիստ էր վերլուծաբան CNN-ում։ «Նախքան ռազմական գործողություն սկսելը, նախագահը պետք է հստակ հասկանա, թե ինչի է ուզում հասնել եւ ինչպես դա անել։ Իսկ դա միշտ չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուժեղ կողմն է», – նշել էր նա։
Պատահական չէր, որ Քոլբերը դիմել էր Մաքգերքին։ Այս 52-ամյա մասնագետը, որը քիչ հայտնի է քաղաքական շրջանակներից դուրս, երկու տասնամյակ շարունակ յուրահատուկ դերակատարում է ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Վարչակազմերի միջեւ բեւեռացման սրման եւ կադրային վերադասավորումների ժամանակաշրջանում Մաքգերքը դիմակայում էր եւ հաջողության հասնում թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ նախագահների օրոք։ Փոքր ընդմիջումներով նա Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության մեջ ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն էր ստանձնում՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահությունից սկսած, այնուհետեւ՝ Օբամայի տարիներին, Թրամփի առաջին ժամկետի բուռն շրջանում եւ, վերջապես, Բայդենի վարչակազմում։
Պետական ծառայության առաջին տարիները Մաքգերքը նվիրել էր իրաքյան պատերազմի ժամանակ պետականաշինության հարցերին: Սակայն 2021 թվականին, երբ նա վերադարձավ Սպիտակ տուն որպես նախագահ Ջո Բայդենի օգնականի տեղակալ, լի էր վճռականությամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ուղղորդել նոր հունով։ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցներին Մաքգերքը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի մեծ հավակնությունների դարաշրջանն ավարտվել է։ Մաքգերքի կարգախոսն էր՝ վերադարձ հիմունքներին:
«Հսկայական նպատակների» փոխարեն, – ասում էր Մաքգերքը 2021 թվականի նոյեմբերին Բահրեյնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Մանամայի երկխոսության ժամանակ, – Բայդենի վարչակազմը որդեգրելու է «ողջամիտ ռազմավարություն՝ նպատակներ եւ խնդիրներ սահմանելով միայն տեղում իրական իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից եւ մեր բարեկամների ու գործընկերների հետ խորհրդակցելուց հետո»։
Մաքգերքի դիվանագիտական հավակնությունները փլուզվեցին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համասը» մահաբեր հարձակում գործեց Իսրայելի վրա՝ հրահրելով իսրայելական աղետալի հակահարվածը, որի հետեւանքով Միացյալ Նահանգներին մեղադրեցին նրանում, որ նրանք Իսրայելին օգնում են պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնել։
Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգողը շանթարգել դարձավ նրանց համար, ովքեր նրան տեսնում էին որպես Գազայում Իսրայելի պատերազմին Բայդենի վարչակազմի աջակցության գլխավոր ճարտարապետ։ Մաքգերքը հեռացավ Սպիտակ տնից 2025 թվականի հունվարին՝ բախվելով քոլեջների ուսանողների բողոքի ցույցերին, ովքեր նրան ռազմական հանցագործ էին անվանում։
Մաքգերքի կարիերայի եւ ազդեցության մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար Foreign Policy-ն զրուցել է Մաքգերքի եւ նրա հետ աշխատած ավելի քան երկու տասնյակ մարդկանց հետ։
***
Երբ Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանը Մաքգերքին տեղեկացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալների հարձակման մասին, Մաքգերքը պատասխանել էր անվերապահ աջակցության ուղերձով. «Մենք ձեզ հետ ենք»։
Այս բնազդային արձագանքը դարձավ ճգնաժամի նկատմամբ Մաքգերքի մոտեցման հիմքը։
Մաքգերքն աշխատել էր Բայդենի հետ դեռեւս Օբամայի վարչակազմի օրոք եւ պաշտպանել էր նրա թեկնածությունը 2020 թվականին։ Հաղթանակից հետո Բայդենը Մաքգերքին նշանակեց Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի հարցերով իր գլխավոր խորհրդական՝ հավակնոտ ռազմավարին մղելով դեպի իր կարիերայի ամենակարեւոր դերակատարումը։
Ձեւակերպելով սեփական հայացքները՝ Մաքգերքն ասում է, որ առաջնորդվում է նախկին նախագահ Ջոն Քենեդիի մեջբերմամբ. «Արտաքին քաղաքականության նպատակը մեր սեփական հույսերի կամ վրդովմունքի զգացմունքներին տուրք տալը չէ. այն կայանում է իրական աշխարհում իրական իրադարձությունների ձեւավորման մեջ»։
Վաշինգտոնյան դիվանագիտության վետերան Ջեյմս Ջեֆրին, որը Մաքգերքի հետ վիճում էր Մերձավոր Արեւելքի քաղաքականության տարբեր հարցերի շուրջ Օբամայի եւ Թրամփի վարչակազմերում համատեղ աշխատանքի ընթացքում, իր նախկին գործընկերոջը բնութագրեց որպես իր սերնդի ամենահմուտ դիվանագետներից մեկը։
 «Իմ կարծիքով, նա վերջին չորս նախագահների օրոք Մերձավոր Արեւելքի հարցերով ամենաազդեցիկ պետական պաշտոնյաներից մեկն է եղել», – ասել է Ջեֆրին։ «Բրեթը հասկանում է, թե ինչ է իշխանությունը։ Նա տիրապետում է դիվանագիտության մասնագիտական հմտություններին՝ կարողանում է մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել, պատկերացում ունի, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ, եւ ինչի կարիքն ունի յուրաքանչյուր կողմը։ Սա օբյեկտիվորեն անկողմնակալ մոտեցում է՝ ուղղված արտաքին քաղաքականության առաջմղմանը՝ ամերիկյան ուժի կիրառմամբ»։
Սակայն Մաքգերքի ռեալպոլիտիկը այն մոտեցումը չէր, որը Բայդենի խոստանում էր Սպիտակ տուն բերել 2020 թվականին Թրամփին հաղթելուց հետո։ Փոխարենը՝ Բայդենը խոստացել էր իր արտաքին քաղաքականության կենտրոնում դնել մարդու իրավունքները։ Երբ նա Մաքգերքին նշանակել էր Մերձավոր Արեւելքի հարցերով իր գլխավոր խորհրդական, թերահավտները դա ընկալեցին որպես վատ նշան։
Սակայն 2021 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց ընդամենը օրեր անց, Մաքգերքն արդեն Էր-Ռիադում էր՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին կոշտ ուղերձ փոխանցելու համար։ Բայդենն իր նախընտրական քարոզարշավն անցկացրել էր Սաուդյան Արաբիային որպես «վտարանդի» պետություն վերաբերվելու խոստմամբ։ Այս դիրքորոշումը ձեւավորվել էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եզրակացրել էին, որ գահաժառանգ արքայազնը մարդասպանների խումբ էր ուղարկել 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Ջամալ Խաշոգիին սպանելու համար։ Բայդենը Մաքգերքին ուղարկել էր խիստ նախազգուշացմամբ. Սպիտակ տունը կդադարեցնի զենքի խոշոր մատակարարումները Էր-Ռիադին, քանի դեռ վերջինս չի դադարեցրել պատերազմը Եմենում Իրանի կողմից աջակցություն ստացող հութի զինյալների դեմ։ Այդ պատերազմը բեռ էր դարձել Սաուդյան Արաբիայի համար, եւ Մաքգերքը հստակ հասկացրեց, որ Բայդենի վարչակազմը կկրճատի ռազմական օգնությունը, քանի դեռ Էր-Ռիադը դուրս չի եկել այդ հակամարտությունից։
Բայդենը կատարում էր մարդու իրավունքներն արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնում դնելու եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ տրված իր խոստումները։ Այս ճնշումն օգնեց դրդել Սաուդյան Արաբիային ընդունել Եմենում հաստատված փխրուն հրադադարը։ Սակայն Մաքգերքն ասել էր, որ ողջամիտ չի համարում ռազմական օգնությունը որպես «մահակ» օգտագործելը մերձավորարեւելյան դաշնակիցների հետ հարաբերություններում։ Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման կասեցումը, հնարավոր է, արագացրեց թագավորության ջանքերը՝ Եմենից դուրս գալու համար, բայց այն նաեւ տարածք ազատեց Իրանի համար: Այն ուժեղացրեց աջակցությունը հութիներին, որոնք վերածվեցին անսպասելիորեն հզոր տարածաշրջանային սպառնալիքի։
Օգնության կասեցումը դժգոհություն էր առաջացրել Սաուդյան Արաբիայի առաջնորդների շրջանում, որոնք փորձում էին դուրս պրծնել եմենյան ճահճից։ Այս խզումը Վաշինգտոնի եւ Էր-Ռիադի միջեւ բազմամյա լարվածության հիմք կդնի։
Մաքգերքը սկսեց պնդել կուրսի փոփոխության վրա, ինչն առավել արդիական դարձավ, երբ Սպիտակ տանը անհրաժեշտ եղավ Սաուդյան Արաբիայի օգնությունը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո նավթի գները զսպելու համար։ Մաքգերքը նաեւ բացառիկ հնարավորություն էր տեսնում՝ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պատմական դիվանագիտական գործարք կնքելու համար. մի քայլ, որը չէր կարող իրականանալ, քանի դեռ Բայդենը չէր վերականգնել հարաբերությունները գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Դիվանագիտական այս վերագործարկումը խորը ճաքեր էր առաջացրել Բայդենի վարչակազմում եւ արժանացել Կոնգրեսի առաջադեմ դեմոկրատների բուռն դիմադրությանը, ովքեր դրանում տեսան նախագահի՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարության խթանումը օրակարգի կենտրոնում պահելու խոստումից հրաժարում։ Ինքը՝ Մաքգերքը, երբեք այդ տեսանկյունից չի նայել արտաքին քաղաքականությանը։
«Ամերիկացի դիվանագետի համար մարդու իրավունքները միշտ պետք է սեղանին լինեն։ Դա այն է, ինչ մեզ տարբերում է մյուսներից։ Սակայն այդ հարցը չի կլանում մնացած բոլոր շահերը։ Մարդու իրավունքների տեսանկյունից հենց ամերիկյան հովանու ներքո տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքի եւ այլ տարածաշրջանների երկրները կդառնան ավելի հանդուրժող եւ չափավոր, քան եթե մենք դաշտը զիջենք Չինաստանին կամ Ռուսաստանին», – ասել էր նա Foreign Policy-ին։
Պետդեպարտամենտի պաշտոնյաները, ովքեր դեմ էին Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերագործարկմանը, Foreign Policy-ին հայտնել են, որ առանցքային քննարկումների ժամանակ իրենք երկրորդ պլան էին մղվել։
Մաքգերքը հաճախակիացրեց իր այցերը Ծոցի երկրներ՝ փորձելով ապահովել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բարդ դիվանագիտական գործարքը։ Սակայն հիմնական խոչընդոտը պաղեստինյան հանելուկի լուծման հարցն էր։
Բայդենի վարչակազմի մի քանի պաշտոնյաների խոսքով՝ Պաղեստինը Մաքգերքի համար յուրօրինակ «կույր բիծ» էր։ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ նրա տեսլականը ձեւավորվել էր կարիերայի առաջին տարիներին, որոնք նա անցկացրել էր Իրաքում։ Նա առանձնապես չէր կենտրոնանում իսրայելա-պաղեստինյան հարցի վրա։ Ամեն դեպքում, Բայդենի հետաքրքրությունը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունների նկատմամբ թույլ էր։ Նա տեսել էր, թե ինչպես են նախագահները մեկը մյուսի հետեւից ձախողվում այդ գործում։ Դրա փոխարեն Բայդենը վարում էր խնդիրը կառավարելու քաղաքականություն՝ համեստ տնտեսական նախաձեռնությունների միջոցով, որոնք նպատակ ունեին մի փոքր թեթեւացնել պաղեստինցիների առօրյան։
Երբ Մաքգերքը 2021 թվականին Մանամայի երկխոսության ժամանակ իր ելույթում շարադրում էր Բայդենի վարչակազմի առաջնահերթությունները Մերձավոր Արեւելքում, նա ընդհանրապես չհիշատակեց պաղեստինցիներին։ Մի քանի պաշտոնյաներ, ովքեր աշխատել էին Մաքգերքի հետ Բայդենի վարչակազմում, նշել էին, որ նա պաղեստինյան հարցը դիտարկում էր հիմնականում որպես մանրադրամ իր մեծ տարածաշրջանային գործարքի համար։
Բայդենի ավելի լայն թիմը նույնպես չափազանց ինքնավստահ մոտեցում ուներ Մերձավոր Արեւելքի նկատմամբ։ «Համասի» հարձակումից ութ օր առաջ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ատլանտյան ֆորումի ժամանակ պարծենում էր, թե «Մերձավոր Արեւելքի տարածաշրջանն այսօր ավելի հանդարտ է, քան երբեւէ վերջին երկու տասնամյակների ընթացքում»։
Մուհամմեդ բին Սալմանի վերաբերմունքը հակամարտության նկատմամբ եւս հակասական էր։ Մասնավոր զրույցում նա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել էր, որ առանձնապես չի կարեկցում պաղեստինցիներին, սակայն գիտի, որ չի կարող նրանց հուսախաբ անել՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ (Սաուդցի պաշտոնյան հերքել է զրույցի այս վարկածը)։
Ամիսներ պահանջվեցին, որպեսզի առաջարկվող գործարքը ներառի որեւէ էական զիջումներ, որոնք կօգնեին ամրապնդել սեփական անկախ պետություն ունենալու պաղեստինցիների մարող հույսերը։ 2023 թվականին «Համասի» հարձակումներից մեկ ամիս առաջ Մաքգերքն աշխատում էր Ռամալլահ սաուդյան դիվանագիտական պատվիրակություն ուղարկելու ծրագրերի վրա, ինչը պետք է ազդարարեր Էր-Ռիադի հանձնառությունը՝ աջակցելու Պաղեստինյան վարչակազմին Իսրայելի հետ ցանկացած գործարքի շրջանակներում։
2023 թվականի հոկտեմբերի 6-ին Մաքգերքը սաուդցի պաշտոնյաների հետ հղկում էր վերջին մանրամասները՝ հույս ունենալով ավարտին հասցնել առաջարկը մինչեւ Բայդենի լիազորությունների ժամկետի ավարտը։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց հաջորդ օրը, երբ «Համասը» սկսեց հարձակումը, որի հետեւանքով զոհվեց մոտ 1200 մարդ, եւս 251-ը պատանդ վերցվեցին եւ տարվեցին Գազա։
Առաջին օրերին Բայդենի վարչակազմը Իսրայելի առաջնորդներին խորհուրդ էր տալիս թույլ չտալ, որ որոշումների կայացումը կառավարի վրեժը։ Շուտով Մաքգերքն իր ուշադրությունը սեւեռեց պատանդների վերադարձի մասին բանակցությունների վրա։ 2023 թվականի նոյեմբերի վերջին նա օգնեց ապահովել պատերազմի ընթացքում առաջին քառօրյա հրադադարը, որը ապահովեց հոկտեմբերի 7-ին գերեվարված ավելի քան 100 իսրայելցիների եւ այլ քաղաքացիների ազատ արձակմանը։ Գործարքի շրջանակներում Իսրայելը համաձայնել էր ազատ արձակել 240 պաղեստինցի բանտարկյալների։ Սակայն զինադադարը ժամանակից շուտ խախտվեց, եւ Իսրայելն ուժեղացրեց իր ռազմական արշավը։
Գոհաբանության տոնի նախաշեմին Բայդենի վարչակազմի առանցքային պաշտոնյաների մոտ սկսեցին կասկածներ առաջանալ Իսրայելի պատասխան գործողությունների վերաբերյալ։ Իսրայելական օդային հարվածների հետեւանքով հարյուրավոր կանայք եւ երեխաներ էին զոհվել։ Իսրայելական ուժերը սպանում էին ՄԱԿ-ի աշխատակիցներին, պաղեստինցի բժիշկներին, մարդասիրական ոլորտի աշխատողներին եւ ամբողջական ընտանիքներին՝ փախստականների ճամբարներում։
Ամերիկացի որոշ պաշտոնյաներ ցանկանում էին, որ Բայդենը Իսրայելին կոչ անի ավարտել պատերազմը մինչեւ տարեվերջ։ Բլինքենը կիսում էր այս տեսակետը։ Սակայն, քննարկումներին մասնակցած մի քանի ամերիկացի պաշտոնյաների խոսքով, Մաքգերքը, Սալիվանը եւ Բայդենը պատրաստ չէին դրան։ (Այս հոդվածի հրապարակումից հետո Սալիվանի ներկայացուցիչը հայտարարեց, որ դա ճիշտ չէ՝ Foreign Policy-ին հաղորդելով, որ Սալիվանը 2023 թվականի դեկտեմբերին Իսրայել էր մեկնել Սպիտակ տան ուղերձով, ըստ որի՝ խոշոր ռազմական գործողությունները պետք է ավարտվեին մինչեւ տարեվերջ, եւ դրանից հետո պետք է շարունակվեն միայն բարձրարժեք թիրախների դեմ գործողությունները։ Մաքգերքը նույնպես վիճարկել էր այս բնութագրումը)։
Պատերազմի առաջին ամիսներին Մաքգերքն աշխատում էր Իսրայելին զենքի մատակարարումների արագացման ուղղությամբ, ներառյալ Hellfire հրթիռները եւ 2000 ֆունտանոց ռումբերը, որոնք օգտագործվում էին կրկնվող հարձակումների ժամանակ եւ նպաստում էին պաղեստինցի զոհերի թվի աճին։ ԱՄՆ-ն ստիպված էր պարբերաբար վիճել Իսրայելի հետ՝ սննդամթերքի եւ մարդասիրական օգնության մուտքը Գազա թույլ չտալու պատճառով։
Գազայի պատերազմի ողջ ընթացքում Բայդենի վարչակազմի քաղաքականության քննադատները՝ թե՛ կառավարության ներսում, թե՛ դրանից դուրս, իրենց դժգոհությունն կենտրոնացրեցին Մաքգերքի վրա։
«Հոկտեմբերի 7-ը ցնցել էր բոլորիս, սակայն վարչակազմը որդեգրեց մի մոտեցում, որն ի սկզբանե սնում էր այն նարատիվը, թե ԱՄՆ-ն պաղեստինցիների կյանքն ավելի քիչ արժեքավոր է համարում, քան իսրայելցիների կյանքը», – ասել էր Մաքգերքի հետ աշխատած նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյան։
***
Պիտսբուրգցի դպրոցական ուսուցիչների որդի Մաքգերքն իր քաղաքական կարիերան սկսել էր որպես Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ուիլյամ Ռենքվիստի օգնական: Նա Գերագույն դատարանի շենքում էր սեպտեմբերի 11-ին, երբ «Ալ-Ղաիդայի» առեւանգիչները ինքնաթիռներն ուղղեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակները:
Մոտ երկու տարի անց Մաքգերքը մեկնեց Բաղդադ՝ իրավախորհրդատու ծառայելու ամերիկյան այն թիմում, որն աշխատում էր Իրաքի համար նոր ժողովրդավարական կառավարություն ստեղծելու ուղղությամբ: Մաքգերքը Մերձավոր Արեւելքում ժողովրդավարություն կառուցելու Ամերիկայի հավակնոտ ջանքերի վաղեմի կողմնակիցն էր: Սակայն նա շուտ հիասթափվեց այդ գաղափարից՝ տեսնելով, թե ինչպես է Իրաքը սուզվում է մահացու հարձակումների արյունալի պարույրի մեջ: 
Բուշը 2005 թվականին Մաքգերքին բերեց Սպիտակ տուն՝ օգնելու ձեւավորել նախագահի իրաքյան ձախողված ռազմավարությունը: Մաքգերքը Սպիտակ տան այն թիմի անդամ էր, որն օգնեց մշակել եւս 30,000 ամերիկացի զինվոր Իրաք ուղարկելու ծրագիրը, որը նպատակ ուներ կանխել երկրի փլուզումը:
Մաքգերքն արագ դրսեւորեց իրեն որպես Օվալաձեւ գրասենյակի ճարտարախոս խորհրդական, որն ընդունակ էր հմտորեն բացատրել բարդ խնդիրները եւ նախագահին հստակ տարբերակներ ներկայացնել:
«Նա գտնում է ցանկացած իրավիճակի մասին զեկուցելու ամենահուսադրող ձեւը եւ միշտ տեսական լուծում է առաջարկում: Գործնականում դա միշտ չէ, որ աշխատում է: Սակայն ղեկավարները արդյունավետ են համարում, երբ ինչ-որ մեկն ասում է՝ ահա՛ խնդիրը, եւ ահա՛ լուծումը», – պատմել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Մաքգերքն իրեն սերտորեն կապել էր շիա քաղաքական գործիչ Նուրի ալ-Մալիքիի հետ, որը աքսորից վերադարձել էր 2003 թվականին եւ ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը՝ 2006-ին վարչապետ դառնալու համար: Մալիքին հակասական կերպար էր, ում մեղադրում էին աղանդավորական պառակտումներ հրահրելու մեջ՝ շիա աշխարհազորին աջակցելու եւ երկրի սուննի ու քուրդ համայնքները մեկուսացնելու միջոցով:
Մաքգերքը պաշտպանեց Մալիքիի՝ 2010 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու փորձը: Անցյալ տարվա փետրվարին գրված նամակում, որով կոչ էր արվում Կոնգրեսում լսումներ անցկացնել Վաշինգտոնում Մաքգերքի ունեցած ազդեցության վերաբերյալ, Կոնգրեսի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը Մալիքիին անվանել էր «ԻԼԻՊ-ի վերելքին նպաստած ամենակարեւոր գործոնը»: Ուիլսոնը գրել էր, որ «դժվար է գերագնահատել այն վնասը, որը Բրեթ Մաքգերքը հասցրել է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին Մերձավոր Արեւելքում՝ աջակցելով իրաքցի այն առաջնորդին, որը սերտ կապեր ուներ Իրանի հետ»:
Մաքգերքի համար Մալիքիի հետ աշխատելը անխուսափելի իրականություն էր՝ պայմանավորված ոչ թե սեփական նախապատվություններով, այլ այն փաստով, որ շիա առաջնորդը խորհրդարանում ստացել էր անհրաժեշտ ձայները վարչապետի պաշտոնին վերադառնալու համար: Հանրապետականները քննադատում էին Մաքգերքին այն բանի համար, որ նա չի օգտագործել իր ազդեցությունը Մալիքիի վրա՝ հաջողությամբ բանակցելու մի գործարքի շուրջ, որը թույլ կտար ամերիկյան զորքերին մնալ Իրաքում:
2012 թվականի մարտին Օբաման առաջադրել էր Մաքգերքի թեկնածությունը Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հանրապետական սենատորները, այդ թվում՝ Ջոն Մաքեյնը, դեմ հանդես եկան: Թեկնածության քննարկման նպատակով Սենատում նշանակված լսումներից մեկ օր առաջ հրապարակվեց Մաքգերքի եւ Wall Street Journal-ի թղթակցուհու միջեւ զգայուն բովանդակությամբ նամակագրությունը: Այն փաստում էր, որ զույգը սիրավեպ էր ունեցել 2008 թվականին Իրաքում աշխատելու ժամանակ:
Մաքգերքը հետ կանչեց իր թեկնածությունը։ Թվում էր՝ Մաքգերքի քաղաքական վերելքը կանգ է առել։ Նա եւ թղթակցուհին ամուսնացան 2012 թվականին եւ, Մաքգերքի խոսքով, «երջանիկ են միասին»։
Այս նվաստացուցիչ պարտությունից հետո Մաքգերքին հաջողվել էր արագ շրջանցել հետագա խնդիրները։ Հաջորդ տարի Օբաման նրան նշանակեց Իրաքի եւ Իրանի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ ՝ այն ժամանակ, երբ «Իսլամական պետությունը» ընդլայնում էր իր վերահսկողությունը արեւելյան Սիրիայում եւ սպառնում տարածվել դեպի Իրաք։ Պետքարտուղար Ջոն Քերին Մաքգերքին անվանում էր իր «շվեյցարական զինվորական դանակը», որի օգնությամբ նա կարող էր ցանկացած խնդիր հաղթահարել։
Երբ Օբամայի վարչակազմը փորձում էր ուժեր գտնել, որոնք կարող էին հաջողությամբ դիմակայել ԻԼԻՊ-ին, նա կենտրոնացավ բարդ պատմություն ունեցող սիրիական քուրդ մարտիկների մի խմբի վրա։ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) սոցիալիստական աշխարհազոր էին, որոնք սերտորեն կապված էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Վերջինս ավելի խոշոր քրդական ուժ էր, որն ինքնավարության համար իր բազմամյա պայքարի շրջանակներում ահաբեկչական հարձակումներ էր իրականացրել Թուրքիայում։ Եվրոպական միությունը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը PKK-ն որակել էին որպես ահաբեկչական խմբավորում։ PKK-ի եւ YPG-ի միջեւ տարբերությունը չնչին էր. ուժերը մարզվում էին Հյուսիսային Իրաքի նույն լեռնային ճամբարներում եւ երբեմն փոխանակվում մարտիկներով։
Մաքգերքը Վաշինգտոնում YPG-ի գլխավոր ջատագովն էր եւ բազմիցս պաշտպանել  էր խմբավորումը, ինչը զայրացնում էր թուրք առաջնորդներին եւ Վաշինգտոնի հարաբերություններն անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հասցրել էր խզման եզրին։
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում էին, որ երկու խմբավորումների միջեւ տարբերությունը մեծամասամբ հորինված էր, եւ մասնավոր զրույցներում այդ ուժերն անվանում էին «Բրեթի աշխարհազոր»։ Թուրքիան պնդում էր, որ Օբամայի վարչակազմը հեռացնի Մաքգերքին իր պաշտոնից։ Օբամայի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, ըստ ներկաների, Էրդողանն զայրացել էր՝ տեսնելով Մաքգերքին սենյակում եւ պահանջել էր, որ նա հեռանա։ 
Սակայն Մաքգերքի մոտեցումը հաղթեց։ YPG-ն ամենաարդյունավետ ուժը եղավ հանդիսացավ «Իսլամական պետության» դեմ պայքարում։ ԱՄՆ ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալլենը, որն այն ժամանակ գլխավորում էր «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան, ասում էր Մաքգերքի մասին.
«Նա դրսեւորել է իրեն որպես մեծ դիվանագետ՝ իրապես նորարար եւ մտավոր առումով ճկուն։ Նա ընդլայնել էր հաջողության հասնելու իմ հնարավորությունները»։
Մաքգերքի կարիերայի մյուս գագաթնակետը Washington Post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանի ազատ արձակման ապահովումն էր։ Ռեզայանը 2014 թվականի հուլիսից ձերբակալված էր Իրանում եւ պահվում էր Թեհրանի տխրահռչակ Էվին բանտում՝ ամերիկյան լրտես լինելու կեղծ մեղադրանքով։
«Ես հանդիպել եմ բարձր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ մարդկանց, ովքեր երբեք քունը չէին կորցնի՝ ամերիկացիներին փրկելու ջանքեր գործադրելով։ Ես այստեղ չէի լինի առանց Բրեթ Մաքգերքի, եւ ես միակը չեմ, ով կարող է դա ասել», – ասել է Ջեյսոն Ռեզայանը։
2016 թվականի հունվարին Մաքգերքը մի բարդ գործարք էր կազմակերպել՝ Ռեզայանի եւ երեք այլ ամերիկացիների ազատությունն ապահովելու նպատակով։ Վաշինգտոնը համաձայնել էր ազատ արձակել ԱՄՆ-ում պահվող մի քանի իրանցիների եւ զուգահեռաբար անհապաղ ապասառեցնել Իրանի 400 միլիոն դոլարի ակտիվները։
Գործարքը քիչ էր մնում տապալվեր, երբ Իրանը հրաժարվեց թույլ տալ Ռեզայանի կնոջը՝ Եգանե Սալեհիին, ամուսնու հետ միասին ինքնաթիռ բարձրանալ։ Մաքգերքը Ժնեւի InterContinental հյուրանոցում էր։ Երբ Շվեյցարիայի դեսպանը զանգահարեց Մաքգերքին, վերջինս ներխուժեց իրանցի բանակցողի սենյակ եւ սպառնաց պահել գումարը, արգելափակել իրանցի բանտարկյալների ազատ արձակումը եւ չեղարկել ողջ գործարքը, եթե նրանք չապահովեն Սալեհիի մեկնումն Իրանից։
400 միլիոն դոլարի ապասառեցումը, որն Օբամայի վարչակազմը գաղտնի էր պահում, ռումբի պայթյուն դարձավ, երբ մի քանի ամիս անց բացահայտվեց The Wall Street Journal-ի կողմից։ Հանրապետականները Մաքգերքին եւ Օբամայի վարչակազմին մեղադրեցին Իրանին թաքուն հսկայական փրկագին վճարելու մեջ։ Թրամփն այդ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս դատապարտել էր գործարքը՝ այն «խայտառակություն» անվանելով։
Թեեւ Մաքգերքն հմուտ գտնվեց Բուշի եւ Օբամայի օրոք ԱՄՆ քաղաքականությունն առաջ մղելու գործում, նա Թրամփի հետ տարաձայնություններ ունեցավ, աշխատելով որպես «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով նրա հատուկ բանագնաց։
Մաքգերքն Օբամայի վարչակազմի այն սակավաթիվ աշխատակիցներից էր, որոնց Թրամփը պաշտոնում էր պահել նախագահ դառնալուց հետո։ Թրամփը ցանկանում էր, որ Մաքգերքն օգնի մահացու հարված հասցնել «Իսլամական պետության» այսպես կոչված խալիֆայությանը։ Եվ նա դա արեց։ Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող մարտիկները պայքարում էին «Իսլամական պետության» ուժերի վերջին օջախների դեմ, Թրամփը հանկարծ հրամայեց դուրս բերել երկրում հակաահաբեկչական արշավին աջակցող մոտ 2 000 ամերիկացի զինվորներին։ Մաքգերքը ցնցված էր այն փաստից, որ ԱՄՆ-ը դավաճանում է սիրիացի մարտիկներին, ովքեր պատերազմում ամենածանր գինն էին վճարել։
Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հաջորդ օրը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մաքգերքը, ով առանց այդ էլ ծրագրում էր մի քանի ամսից հեռանալ վարչակազմից եւ պաշտոն ստանձնել Ստենֆորդի համալսարանում, հետեւեց նրա օրինակին։
Մաքգերքի աքսորը Կալիֆոռնիա թեթեւացրեց Վաշինգտոնի բազմաթիվ փորձառու դիվանագետների կյանքը, ովքեր նրա ազդեցությունը կործանարար էին համարում ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Հակառակորդներն ասում էին, որ Մաքգերքն այդպես էլ պատշաճ կերպով չսովորեց արաբերեն եւ իրեն ավելի լավ էր զգում իշխանական սենյակներում, քան կեղտոտ փողոցներում, ինչն էլ տարածաշրջանի վերաբերյալ նրա խաթարված տեսլականի պատճառներից էր։
«Նա խելացի տղա է, որը առավելագույն ջանքեր էր գործադրել մի շարք չափազանց դժվարին խնդիրների լուծման համար։ Բայց ես չեմ կարծում, թե նա այն մարդն է, ով լավ գիտի Մերձավոր Արեւելքը։ Նա գիտի առաջնորդներին եւ պաշտոնյաներին, սակայն նա ծանոթ չէ իրական կյանքին՝ հյուրանոցների ու գրասենյակային պատերից այն կողմ», – ասել է ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Մակգերքը դեմ էր այդպիսի որակումներին եւ վկայակոչում էր իր պարբերական այցելությունները «Իսլամական պետության» դեմ պատերազմի ռազմաճակատ՝ որպես Մերձավոր Արեւելքում ԱՄՆ շահերի համար սեփական կյանքը ռիսկի ենթարկելու պատրաստակամության նշան։
Բայդենի վարչակազմի այն պաշտոնյաները, ովքեր աշխատել էին Մաքգերքի հետ եւ կասկածի տակ դրել նրա դատողությունները, նշել էին, որ երբ գործը հասավ է Իսրայելի եւ «Համասի» միջեւ պատերազմին, Սպիտակ տան օգնականը մշտապես կիսել է պատերազմի վերաբերյալ իսրայելական տեսակետը եւ պատերազմի դադարեցման ձախողումների ողջ պատասխանատվությունը բարդել «Համասի» վրա:
Երբ Գազայում պատերազմը ձգձգվեց, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները սկսեցին փաստարկներ բերել այն մասին, որ Սպիտակ տունը պետք է դադարեցնի ամերիկյան որոշ զինատեսակների մատակարարումը՝ Իսրայելին դժգոհության հստակ ազդակ հղելու համար: Մաքգերքը դեմ էր դրան:
ԱՄՆ-ի հիասթափությունը իր գագաթնակետին հասավ 2024 թվականի ապրիլի 1-ին, երբ իսրայելական ավիահարվածը խոցեց մարդասիրական օգնության շարասյունը՝ սպանելով միջազգային կազմակերպությունների վեց աշխատակիցներին եւ մեկ պաղեստինցուն: Իսրայելն արագ խոստովանել էր, որ սխալմամբ է հարձակվել մեքենաների վրա, եւ պատժել էր մի քանի զինվորական պաշտոնյաների: Սակայն այդ հարվածն ամրապնդեց նրանց դիրքերը Վաշինգտոնում, ովքեր Բայդենին կոչ էին անում կրճատել զենքի մատակարարումները Իսրայելին:
Վետերան դիվանագետ Դեյվիդ Սաթերֆիլդը, որը Գազայի պատերազմի ժամանակ ծառայում էր որպես Բայդենի հատուկ բանագնաց մարդասիրական օգնության հարցերով, ասել էր, որ նախագահը Իսրայելի վրա ճնշում գործադրելու քիչ լծակներ ուներ: Ինչպես Մաքգերքը, Սաթերֆիլդը նույնպես դեմ էր զենքի մատակարարման կասեցումը որպես գործիք օգտագործելուն եւ նշել էր, որ Բայդենը անհրաժեշտ քաղաքական ազդեցություն չուներ Նեթանյահուի վրա՝ իսրայելական առաջնորդի նկատմամբ նշանակալի հրապարակային ճնշում գործադրելու համար:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment