Փաշինյանը մտադիր է պարզել բանակում ինքնասպանությունների պատճառները ԱԲ–ի միջոցով

Բաժանորդագրվել

Ըստ վարչապետի` պետք է վերլուծել դեպքերը ու գտնել ընդհանրություններ։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը մտադիր է պարզել զինծառայողների ինքնասպանությունների պատճառները նաև արհեստական բանականության միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետը։

«ԱԽ վերջին նիստում ես հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը և վերլուծել՝ կա՞ն ինչ–որ կրկնվող հատկանիշներ։ Ենթադրենք` ընտանեկան վիճակ։ Եթե մենք ինֆոն ամբողջությամբ տանք արհեստական բանականությանը, այն կարող է ասել, թե ինչ ընդհանրություններ ունեն նրանք»,– ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի դեպքը։ Նշենք, որ զինծառայողը մահացել էր հրազենային վիրավորումից` զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։

«Օրնակ այդ դեպքով` ինձ զեկուցել են, որ նա երկու օր առաջ այցելել էր հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել։ Նա եկել է զորամաս, նամակ գրել ու այդ արարքը կատարել։ Պետք է հասկանալ դա»,– հավելեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով ՝ ինքը մի քանի անգամ ասել է, որ հարցը պետք է դիտարկել նաև երեխաների հոգեբանական դիմակայության տեսանկյունից, որը պետք է ձևավորել մանկապարտեզից և դպրոցից։ Նա վստահեցրեց, որ այս հարցը քննարկել է ԿԳՄՍ նախարարի հետ։

Leave a comment