Movchan’s Group ընկերությունների խմբի ավագ գործընկեր Ռաֆայել Նահապետյանցի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար։
Risk & Resilience համաշխարհային վարկանիշում Հայաստանի տնտեսությունն առաջ է անցել տարածաշրջանի իր հարեւանների մեծ մասին եւ նույնիսկ մի քանի ԵՄ անդամներին։ Վերլուծենք այս տպավորիչ արդյունքի պատճառները եւ այն, թե ինչպես են օտարերկրյա ներդրողները դիտարկում Հայաստանը։
Այլ տնտեսությունների ֆոնին
Վարկանիշն արտացոլում է աշխարհի բոլոր երկրների տնտեսական հաջողությունների վրա ազդող հիմնական գործոնների հանրագումարը՝ գնաճի մակարդակից եւ տեղական արժույթների փոխարժեքի տատանողականությունից մինչեւ բնական աղետների եւ ավերածությունների ռիսկերը։
Ռիսկերի եւ կայունության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 71-րդ տեղը՝ Սերբիայի եւ Չեռնոգորիայի միջեւ։ Այն Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ադրբեջանից, Մոլդովայից եւ Հունաստանից բարձր է, սակայն ցածր է Բուլղարիայից, Ռումինիայից եւ Վրաստանից։
Ռաֆայել Նահապետյանցը
Լուսանկարը՝ Movchan’s Group
Երկու անվանակարգերում՝ ռիսկ եւ կայունություն, Հայաստանը ստացել է միջինից բարձր գնահատական։ Risk խմբում նրա հարեւաններն են Քուվեյթը եւ Սաուդյան Արաբիան, իսկ Resilience (դիմակայունություն) խմբում՝ Պորտուգալիան եւ Կիպրոսը։
Ըստ վարկանիշի, Հայաստանի ընդհանուր արդյունքը Favorable Outlook է (բարենպաստ կանխատեսում)։ Դա որոշակի ազդանշան է համաշխարհային ներդրողների համար. երկիրը ցածր ռիսկեր ունի եւ կարողանում է դրանք հաջողությամբ հաղթահարել։
Առանց կողմնակի ազդեցությունների
Հետաքրքիր էր ուսումնասիրել, թե ինչու են վարկանիշ կազմողներն այդքան բարձր գնահատել Հայաստանի տնտեսությունը: Դրա համար կապ հաստատեցինք վարկանիշի հեղինակների հետ եւ կարողացանք ստանալ բոլոր 16 վարկանիշային ցուցանիշների մանրամասն հաշվարկները:
Նախեւառաջ, Հայաստանի մեծ առավելությունը ՀՆԱ-ի դինամիկան է: Վերջին հինգ տարվա ընթացքում երկրի տնտեսությունը կրկնապատկվել է: Միջին աճը կազմել է մոտ 15%: Չնայած վերջին եռամսյակներում այն զգալիորեն ցածր է, սակայն միեւնույն է՝ գերազանցում է 6%-ը եւ դա աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն է: Հասկանում ենք այս արագ աճի պատճառները մեծապես գոյացել են աշխարհաքաղաքական փոփոխություններից: Հասկանում ենք նաեւ, որ բարենպաստ պահը անվերջ չի տեւում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը, ինչպես եւ, օրինակ, Ղազախստանը, դարձել է վերջին տարիների միջազգային իրադարձությունների շահառուն:
Միեւնույն ժամանակ, չնայած արագ աճին, Հայաստանը կողմնակի ազդեցություններին չի բախվում, ինչպիսին է, օրինակ, տնտեսության գերտաքացումը: Դեռ մի քանի տարի առաջ գնաճը 0-1% շրջակայքում էր, իսկ ներկայում տատանվում է 3%-ից մի փոքր բարձր շրջակայքում, ինչը որը մեր ժամանակներում համապատասխանում է զարգացած շատ երկրների մակարդակին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսպանիա եւ Ճապոնիա:
Ուժեղ արժույթը Հայաստանի մեկ այլ առավելությունն է։ Ավելի վաղ գրել էինք, որ վերջին 20-30 տարիների ընթացքում հայկական դրամը չափազանց ցածր տատանողականություն է ունեցել դոլարի նկատմամբ։ Եթե դիտարկենք վերջին երեք տարվա շրջանը, ապա դոլարի նկատմամբ տատանողականությամբ դրամը հայտնվել է Իսլանդիայի եւ Նորվեգիայի արժույթների հետ նույն կատեգորիայում: Այն ավելի ուժեղ է, քան լեհական զլոտին եւ ճապոնական իենը եւ արժութային ռիսկով լիովին համեմատելի է եվրոյի հետ:
Հայաստանի թաքնված ուժը
Տնտեսական կայունությունը կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն մեր կողմից դիտարկվող վարկանիշում մեծ շեշտադրում է արվում երկարաժամկետ եւ նույնիսկ բնական գործոնների վրա: Եվ հենց վերջիններն են ամենաշատ միավորներ ապահովել Հայաստանին:
Կլիմայի փոփոխությունը եւ դրա հետ կապված աղետների հնարավոր վնասները բոլոր երկրներին տարբեր ձեւով են սպառնում: Այս առումով Հայաստանը գնահատում են որպես շատ հանգիստ վայր. այն դասվել է աշխարհի էկոլոգիապես անվտանգ 30 երկրների շարքում:
Սակայն ոչ միայն բնությունն է աշխատում Հայաստանի օգտին: Ներդրումային միջավայրին նպաստում են նաեւ գրագետ բյուջետային քաղաքականությունը (ցածր պետական պարտք եւ դեֆիցիտ), ինչպես նաեւ սոցիալական զարգացումը (առողջապահության, կրթության աճող մակարդակը եւ դրանց հասանելիությունը):
Մնացած պարամետրերով Հայաստանն իրեն վատ չի դրսեւորել, բայց ավելի մոտ է միջին համաշխարհային ցուցանիշներին: Դա վերաբերում է տնտեսության բարդությանը, նորարարությունների ներդրմանը եւ ներդրումների ծավալին:
Հայաստանը ներդրողների աչքերով
Երկրի ՀՆԱ-ում ուղղակի ներդրումների մասնաբաժինը կազմում է ընդամենը 20%: Դա չափազանց ցածր է եւ համեմատելի է Կոլումբիայի կամ Եգիպտոսի հետ: Սակայն մեզ՝ գլոբալ պորտֆելային ներդրողներիս, շատ ավելի հետաքրքրում եւ տպավորում է մեկ այլ ցուցանիշ՝ ոչ ռեզիդենտների ակտիվների մասնաբաժինը Հայաստանի բանկերում:
Դա հատկապես ակնհայտ է ոչ ռեզիդենտների (հիմնականում Ռուսաստանից) ավանդների դինամիկայում հայկական բանկերի հաշիվների վրա: 2025 թվականի վերջի դրությամբ դրանք գերազանցում են 1.5 տրիլիոն դրամը (գրեթե 4 միլիարդ դոլար) ընդհանուր ավանդների գրեթե 7 տրիլիոնից, այսինքն՝ գերազանցում են բանկերի կողմից ներգրավված միջոցների 20%-ը: Համեմատության համար՝ Կիպրոսում, որը երկար տարիներ համարվում էր ռուսալեզու բիզնեսի առանցքային հանգույցը Եվրոպայում, ոչ ռեզիդենտների միջոցների մասնաբաժինը բանկային համակարգում ներկայում կազմում է 15%-ից, իսկ Էմիրություններում՝10%-ից ցածր:
Ակնհայտ է, որ ներդրողներն իրենց գումարներով են քվեարկում Հայաստանի օգտին. այն հարմար ֆինանսական հանգույց է հետագա միջազգային ներդրումների համար: Movchan’s Group-ի հաճախորդների համար հայկական բանկերը վաղուց դարձել են համաշխարհային ֆոնդերին միացման հիմնական կետը՝ հուսալի ենթակառուցվածք, կանխատեսելի փոխանցումներ հայկական խոշոր բանկերի միջոցով, ֆոնդերում ներդրումներ կատարելու հնարավորություն ոչ միայն կանխիկ գումարով (in cash), այլեւ արժեթղթերով (in kind), կոմպլայենսի ողջամիտ պահանջներ՝ այս ամենը վաղուց դարձել է ընդունելի ստանդարտ ներդրողների համար: Երեւանի միջոցով կապիտալը հնարավոր է կառավարել գրեթե ամբողջ աշխարհով: