ԱրմՍվիսԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացված եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ կյանքի կոչված էներգաարդյունավետության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ կառավարության հետ համատեղ։
Բանկից հայտնել են, որ միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում էներգաարդյունավետության ոլորտում գրանցված առաջընթացն ու հետագա զարգացման ուղղությունները։
ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ ներկայացնելով բանկային դերը էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման եւ ներդրումային միջավայրի զարգացման գործում։
Ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել է ավելի քան 470 շենք, ապահովվել է 20-60% էներգախնայողություն, կրճատվել են կոմունալ ծախսերը եւ ամրապնդվել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարմանը։
Ծրագիրը նաեւ նպաստել է ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը եւ ռիսկերի նվազեցմանը՝ դարձնելով էներգաարդյունավետության նախագծերը առավել հասանելի եւ ներդրումային տեսանկյունից գրավիչ։
«ԱրմՍվիսԲանկը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը կայուն զարգացման եւ կանաչ ֆինանսավորման ուղղությամբ՝ կարեւորելով նման նախաձեռնությունների դերը երկրի էներգետիկ անվտանգության եւ կլիմայական կայունության ապահովման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: