«Կանանց սենյակները», համայնքային զարգացումը եւ Վրաստանի փորձը

Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները հավաքվել էին Երեւանում՝ խոսելու տեղական ինքնակառավարման համակարգում կանանց մասնակցությունը մեծացնելու եւ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մասին։ 2026 թվականի ապրիլի 16-ին կայացած «Կանանց դերի ամրապնդումը տեղական ինքնակառավարման համակարգում» միջոցառումը քննարկումների եւ փորձի փոխանակման հարթակ էր։ 
Հատուկ ուշադրություն դարձվեց կանանց հզորացման ուղղությամբ Հայաստան-Վրաստան համագործակցությանը, ինչպես նաեւ «Կանանց սենյակ» մոդելին, որը ստեղծվել է Վրաստանում։
Միջոցառումը կազմակերպել էր Կանանց տնտեսական անվտանգության Her Power, Her Future ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ եւ CARE Caucasus-ի կողմից։
Կանանց մասնակցությունը նաեւ արդյունավետ կառավարման նախապայման է
CARE Caucasus-ի գլխավոր գործադիր տնօրեն Նինո Բոլքվաձեն նշել է, որ տեղական ինքնակառավարումը մարդկանց ամենամոտ կառավարման մակարդակն է, եւ այստեղ ընդունվող որոշումները անմիջական ազդեցություն ունեն համայնքների առօրյայի վրա։ 
Նրա խոսքով՝ թե Հայաստանում, թե Վրաստանում այդ համակարգերը երկար ժամանակ ձեւավորվել են հիմնականում տղամարդկանց գերակշռությամբ, իսկ երբ բնակչության կեսը դուրս է մնում որոշումների կայացումից, հնարավոր չէ լիարժեք արձագանքել համայնքների բոլոր կարիքներին։
«Կանանց բովանդակային մասնակցությունը ձեւականություն չէ, այլ անհրաժեշտություն։ Նրանք որոշումների կայացման գործընթաց են բերում տարբեր փորձառություններ եւ նոր տեսանկյուններ, ինչի արդյունքում քաղաքականությունները դառնում են ավելի ներառական եւ արդյունավետ։ Կանայք հաճախ առաջնահերթություն են տալիս կրթությանը, առողջապահությանը, ընտանիքների բարեկեցությանը, ինչպես նաեւ նպաստում ավելի հաշվետու կառավարմանը։
Այս փոխանակումը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության կարեւորությունը՝ տեղական մակարդակում կանանց առաջնորդության եւ մասնակցության խթանման գործում։ Համատեղ աշխատանքի միջոցով ստեղծվում են փորձի փոխանակման եւ գործնական համագործակցության հնարավորություններ, որոնք կարող են բերել կայուն արդյունքների»,- ասել է Նինո Բոլքվաձեն։
Հանդիպման կարեւոր թեմաներից էր Վրաստանում ձեւավորված «Կանանց սենյակ» մոդելը, որը միտված է տեղական մակարդակում կանանց համար ծառայությունների, աջակցության եւ մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Այս փորձը դիտարկվում է որպես հաջողված օրինակ, որը կարող է զարգացվել նաեւ տարածաշրջանում։
«Գործընկերությունների ամրապնդումն ու հաջողված մոդելների կիրառումը կարող են նպաստել ավելի ներառական կառավարմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի կանանց համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է Նինո Բոլքվաձեն։
Վրացական փորձը կարող է նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարեւորել է կանանց դերակատարումը ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլեւ ամբողջ պետական կառավարման համակարգում։ 
«Չեմ կարծում, թե տղամարդիկ խանգարում են կանանց առաջ շարժվելու հարցում, սակայն ընտանեկան պարտականություններով պայմանավորված՝ թե հայ, թե վրացի շատ կանայք հեռանում են հանրային աշխատանքից։ Սա հիմնական պատճառներից մեկն է։ Պետք է հնարավորություններ ստեղծել, որպեսզի կանայք եւս կարողանան համայնքն ուժեղացնել, որովհետեւ համայնքներում որոշումներ կայացնելու առումով միայն տղամարդիկ բավարար չեն։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամբողջ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց մասնակցության առաջխաղացման ուղղությամբ»,- ասել է նա։
Աշոտ Գիլոյանը նշել է, թե վրացի գործընկերների հետ փորձի փոխանակումը տվել է արժեքավոր պատկերացումներ եւ գործնական մոտեցումներ։ 
«Ինձ շատ հետաքրքրեց «Կանանց սենյակների» վրացական փորձը, որը կարող է կիրառվել նաեւ Հայաստանի համայնքներում, որովհետեւ կանանց դերակատարման բարձրացման համար ցանկացած արդյունավետ միջոց օգտագործելը շատ կարեւոր է։ Հայ եւ վրաց համայնքների համագործակցությունը նույնպես կարելի է ուժեղացնել ու, ընդհանուր առմամբ, համայնքների զարգացմանն ավելի մեծ նպաստ բերել։ 
Հայաստանում այս ուղղությամբ արդեն գործում է նաեւ WINNET կենտրոնը, որը մարզերում ստեղծել է միավորումներ եւ ռեսուրսներ, աշխատում է համայնքապետարանների հետ եւ կանանց հզորացման համար հսկայական աշխատանք է կատարում»,- ասել է նա։
«Կանանց սենյակների» փորձը եւ դրա զարգացման հեռանկարները Հայաստանում
Mercy Corps Georgia-ն ներկայացնող Իրակլի Կասրաշվիլին նշել է, որ կազմակերպությունը գործում է աշխարհի 75 երկրում, իսկ Վրաստանում ծրագրեր է իրականացնում 2000 թվականից։ Հայաստանի հետ համատեղ ծրագրերում ներգրավված են եղել 2011-2021 թվականներին։ Նրա խոսքով՝ Վրաստանում «Կանանց սենյակների» գաղափարը ձեւավորվել է տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված գնահատումների հիման վրա, իսկ 2012 թվականից սկսվել է ծրագրի զարգացումն ու իրականացումը միջազգային գործընկերների աջակցությամբ։
««Կանանց սենյակները» դարձել են կանանց եւ երեխաների համար կարեւոր ռեսուրսային կենտրոններ։ Ուրախ ենք տեսնել, որ այս գաղափարը շարունակվում է զարգանալ եւ կարող է առաջխաղացում ունենալ նաեւ Հայաստանում»,- նշել է նա։
WINNET Goris զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Ալեքսանյանն անդրադարձել է WINNET Հայաստան ցանցի փորձին ու նշել, որ տեղական մակարդակում կանանց հզորացումը պահանջում է ոչ միայն սերտ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այլ նաեւ ուժեղացված ցանցեր։
«Այս միջոցառումը, փորձի փոխանակումը կարեւոր է համադրելու հայկական եւ վրացական կազմակերպությունների փորձը, հզորացնելու նրանց տնտեսական հզորացումն ու մարզերում ավելի ակտիվ համագործակցությունը հենց տեղական եւ նաեւ մարզային մակարդակում»,- ասել է նա։ 
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Վրաստանում «Կանանց սենյակի» անցած ճանապարհը, դրանց սենյակների աշխատանքների արդյունքը։ Վրաստանում The Women’s Room մոդելը գործում է հիմնականում համայնքապետարանների կամ մունիցիպալ շենքերի ներսում՝ որպես կանանց համար նախատեսված անվտանգ եւ հասանելի տարածք։ Այն ուղղված է հատկապես գյուղական ու խոցելի խմբերի կանանց՝ աջակցելով զբաղվածության, կրթության, իրավական ու սոցիալական հարցերում։ 
Սենյակներում սովորաբար լինում են խորհրդատվության հատված, հանդիպումների եւ դասընթացների տարածք, համակարգչային/տեղեկատվական անկյուն, երբեմն նաեւ երեխաների փոքր զոնա։
Փորձնական նախաձեռնությունից մինչեւ 33 «սենյակ»
Mercy Corps-ի Վրաստանում իրականացվող Alliances Caucasus Programme (ALCP) ծրագրի ներկայացուցիչ Մայա Մոսիաշվիլին ասել է, որ առաջին «Կանանց սենյակները» ձեւավորվել են 2013 թվականին՝ երեք համայնքապետարանում եւ եղել են փորձնական, որպեսզի գնահատվի մոդելի աշխատանքը։ 2014 թվականից դրանց թիվը սկսել է աստիճանաբար աճել, այսօր արդեն գործում է 33 նման տարածք։ 
Սենյակների մենեջերները տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ են, որոնք աշխատում են գենդերային հավասարության ուղղությամբ։
«Ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 45 հազար այցելու, որոնցից 70 տոկոսը կանայք են, 30 տոկոսը՝ տղամարդիկ։ «Կանանց սենյակները» միայն կանանց համար չեն, ըստ կարիքների, դրանք ծառայում են նաեւ տղամարդկանց։ Այս տարածքները ներառում են հանդիպումների եւ խորհրդատվության սենյակներ, հանգստի հատված, համակարգչային անկյուն, երբեմն նաեւ երեխաների համար նախատեսված տարածք։
Այստեղ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն եւ աջակցություն տարբեր հարցերով։ Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղական բնակավայրերում ապրող կանանց՝ տնտեսական հնարավորությունների, քաղաքացիական ներգրավվածության եւ տեղական ծառայություններից օգտվելու հարցերում։ Յուրաքանչյուր համայնք իր կարիքներից ելնելով է որոշում, թե որ ծառայություններն ու ուղղություններն են առաջնահերթ»,- ասել է նա։
Վրաստանի «Կանանց սենյակ» մոդելը միայն խորհրդատվական կամ սոցիալական տարածք չէ։ Շատ համայնքներում այն օգտագործվում է նաեւ ձեռնարկատիրական հանդիպումների, բիզնես դասընթացների, փոքր ֆորումների, ցանցային միջոցառումների եւ զբաղվածության ծրագրերի համար՝ նպատակ ունենալով բարձրացնել կանանց տնտեսական ակտիվությունը, հատկապես գյուղական համայնքներում, եւ ստեղծել աշխատատեղեր։ «Կանանց սենյակները» նաեւ տեղացի կին ձեռնարկատերերին կապում են դրամաշնորհային ծրագրերի, դոնոր կազմակերպությունների, ուսուցողական նախաձեռնությունների եւ բիզնեսի զարգացման աջակցության աղբյուրների հետ։ Վրաստանում գործում են նաեւ կանանց հզորացմանն ուղղված պետական մի շարք ծրագրեր։
Փորձի փոխանակում՝ նոր քայլերի ակնկալիքով
«Կանանց դերի ամրապնդումը տեղական ինքնակառավարման համակարգում» խորագրով միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Լոռու մարզում վրացական օրինակով «Կանանց սենյակների» ստեղծմանը։ 
 
«Մենք ապահովել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փորձի եւ գիտելիքի փոխանակում, ներկայացրել ենք այն գործելակերպերը, որոնք Վրաստանը կիրառում է տեղական որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությունն ավելացնելու համար, ինչպես նաեւ ներկայացրել ենք հայկական փորձը։
Հույս ունենք, որ սա արդյունավետ փոխանակում էր, որը երկու երկրներում էլ կնպաստի հաջողված մոդելների տարածմանը եւ ապագա քայլերի համար գործնական ու կիրառելի առաջարկությունների մշակմանը»,- միջոցառման ավարտին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Նինո Բոլքվաձեն։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment