Ապրիլի 18-ին՝ ժամը 11-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տաթեւացի» տնտեսագիտական օլիմպիադա 2026-ի հանրապետական եզրափակիչ փուլը։
«Այս տարի օլիմպիադան արձանագրել է մասնակցության աննախադեպ ցուցանիշ. մրցույթին մասնակցել են 2047 աշակերտներ Հայաստանի 90 դպրոցներից։
Մասնակիցների նման ակտիվությունը փաստում է Հայաստանի պատանիների շրջանում տնտեսագիտական կրթության նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը։ Նախնական ընտրական փուլերի արդյունքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 116 աշակերտներ իրավունք են ստացել պայքարը շարունակել հանրապետական փուլում», – հայտնում են համալսարանից:
Հանրապետական փուլն անցկացվելու է երկու փուլով, որոնք նպատակ ունեն բացահայտելու աշակերտների թե՛ տեսական գիտելիքները, թե՛ հռետորական հմտությունները։
Բոլոր 116 մասնակիցները կհանձնեն մասնագիտական քննություն։
Գրավոր քննության արդյունքներով լավագույն 15 աշակերտները կանցնեն բանավոր փուլ, որտեղ կներկայացնեն իրենց վերլուծական կարողությունները։
Օլիմպիադայի կազմակերպիչը Տնտեսական որոշումների դպրոցն է (SED)։
Նախաձեռնության հիմնական նպատակն է զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունը, խթանել ակադեմիական առաջադիմությունը եւ միավորել Հայաստանի տարբեր մարզերի տաղանդավոր երիտասարդներին մեկ միասնական հարթակի շուրջ։