Սիմոնյանն ու Գաֆարովան կարեւորել են երկխոսության շարունակումը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ստամբուլում հանդիպման ժամանակ «գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները»:

Հայաստանի ԱԺ-ից հայտնել են, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում այսօր կայացած հանդիպմանը խորհրդարանների նախագահները գոհունակություն են հայտնել «խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերից, կարեւորել նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը»:
«Հանդիպմանը նրանք դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման համար»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Leave a comment