Կարապետյանի, Քոչարյանի, Ծառուկյանի ուժերին եթե քվեարկեք, ապա երեք անգամ պակաս աշխատավարձ կստանաք․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.04.2026 | 11:25

«Եթե գալիք ընտրություններին քվեարկեք «Պատերազմի եռագլուխ կուսակցության»՝ այն է՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերից և որևէ մեկի օգտին, ապա կստանաք երեք անգամ պակաս աշխատավարձ» – այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ նախկինների վերադարձը նշանակում է տնտեսական անկում, սոցիալական վիճակի վատթարացում և պատերազմի անվերջանալի շարունակություն։

«Հայաստանի տնտեսությունը կաճի մոտ մեկուկեսից երկու անգամ ավելի դանդաղ տեմպերով, Հայաստանում աշխատատեղերի ավելացման աճի տեմպը երեք անգամ կընկնի, դուք կունենաք երեք անգամ պակաս վերանորոգված և հիմնանորոգված ճանապարհներ։ Դուք կունենաք 17 անգամ պակաս նորակառույց դպրոցներ, 5 անգամ պակաս ֆինանսավորվող գիտություն, դուք կլինեք 4 անգամ պակաս առողջ կամ 4 անգամ ավելի խոցելի առողջապահական ռիսկերի առաջ։ Դուք կունենաք 10 անգամ ավելի խոցելի սոցիալապես անապահով բնակչություն, կլինեք առնվազն 12 անգամ պակաս զինված և պակաս ուժեղ։

Դուք կլինեք 100%-ով պակաս խաղաղ, որովհետև ի թիվս վերը թվարկած բարիքների, «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը» խոստանում է մեզ բերել պատերազմ կամ պատերազմի անվերջանալի շարունակականություն։ Եվ վերջապես, դուք կդադարեք լինել այս երկրի տերը, որովհետև ձեզանից կգողանան ձեր իշխանությունը ձևավորելու իրավունքը՝ Հայաստանը վերադարձնելով ընտրակեղծարարության դարաշրջան»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության 2025 թվականի ծրագրի կատարողականը, որին մասնակցում են վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment