Հայ ձյուդոիստները մեկնարկել են ԵԱ-ում, Դավիթ Աբրահամյանը 5-րդն է

Հայ ձյուդոիստները մեկնարկել են Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Դավիթ Աբրահամյանը (66 կգ) գրավել է 5-րդ տեղը, իսկ Վահե Աղասյանը (60 կգ) և Աշիկ Անդրեյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում ու ավարտել ելույթները։

Դավիթ Աբրահամյանը Չեռնոգորիան ու Իսպանիան ներկայացնող մրցակիցներին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ֆին Լուկաս Սահային։ Սփոփիչ գոտեմարտում հայ ձյուդոիստն ուժեղ է գտնվել 2025 թ․ Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Դայկի Բուբայից, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է Ֆրանսիայի մեկ այլ ներկայացուցիչ Վալիֆ Ֆյարին ու գրավել 5-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։

Leave a comment