Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար

Քաղաքականություն

16.04.2026 | 22:21

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է նոր՝ C5 կատեգորիայի վիզաների տրամադրում: Դրանք նախատեսված են «անվտանգ երկրների» այն օտարերկրացիների համար, ովքեր հեռակա աշխատում են արտասահմանյան ընկերություններում և ունեն բարձր եկամուտ, գրում է The Insider-ը:

C5 վիզան թույլ կտա բնակվել Վրաստանում մինչև 12 ամիս։ Դիմորդից բացի՝ այն ստանալու իրավունք կունենան նաև նրա ամուսինը/կինը և երեխաները։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ այս միջոցառումը կօգնի երկիր ներգրավել վճարունակ մասնագետների։ C5 վիզայի արժեք է սահմանվել 20-ից 500 դոլարը։

Վրաստանի խորհրդարանը նաև փոփոխություններ է կատարել «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում։ Այն այլևս չի տարածվի օտարերկրացիների որոշակի կատեգորիաների վրա, այդ թվում՝ արտասահմանյան ընկերություններում հեռակա աշխատողների կամ տեղական աշխատաշուկա մուտք չգործող կարճաժամկետ մասնագիտական ​​առաջադրանքներ կատարողների վրա։

Փետրվարին Վրաստանի կառավարությունը հաստատեց օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու նոր կանոններ: Մասնավորապես, մշտական ​​բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին այժմ արգելվում է աշխատել որպես էքսկուրսավարներ, առաքիչներ և տաքսու վարորդներ: Կառավարությունը ներդրել է քվոտաների համակարգ՝ սահմանափակելով ծառայությունների ոլորտում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը: Սակայն այս սահմանափակումները չեն տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, որոնց եկամուտը գերազանցում է 15,000 լարին (5,600 դոլար):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment