Գալուզինն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչին է ներկայացրել Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ ռուսական կողմի գնահատականները։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թուրքական կողմին են ներկայացվել ՌԴ–ի սկզբունքային գնահատականները Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ 2025 թվականի օգոստոսին Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում ձեռք բերված փոխըմբռնումների համատեքստում»,-ասված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեցին Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի 15-ին։ Հանդիպումը կայացավ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Նախագահները քննարկեցին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։

Երկու առաջնորդներն էլ հանդիպումը դրական որակեցին։ Ռուսաստանի նախագահը գագաթնաժողովից հետո հայտարարեց Ուկրաինայում հակամարտության ավարտի հնարավորության մասին և ընդգծեց` Ռուսաստանը շահագրգռված է, որ կարգավորումը երկարաժամկետ լինի։

Leave a comment