Իրանը դադարեցրել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը Իսրայելի հարվածներից հետո

Քաղաքականություն

16.04.2026 | 15:59

Իրանը դադարեցրել է նավթաքիմիական արտադրանքի բոլոր արտահանումները՝ ներքին մատակարարումն առաջնահերթ դարձնելու և հումքի պակասը կանխելու համար։ Donya-e-Eqtesad տնտեսական պարբերականի հաղորդմամբ՝ պատճառն Իսրայելի կողմից մի քանի նավթաքիմիական կենտրոնների վրա հարձակումից հետո արտադրության խափանումն է, գրում է Reuters-ը։

Հրահանգը տրվել է ապրիլի 13-ին Ազգային նավթաքիմիական ընկերության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որը վերահսկում է վերամշակման արդյունաբերությունը, նավթաքիմիական ընկերություններին հրահանգվել է դադարեցնել արտահանումը մինչև հետագա ծանուցում։

Արտահանման արգելքը հիմնականում նպատակ ունի կայունացնել ներքին շուկաները և ապահովել արդյունաբերության մատակարարումը՝ վերջին հարձակումների պատճառած վնասներից հետո։ Նավթաքիմիական և դրան առնչվող արտադրանքի ներքին գները պահպանվել են նախապատերազմյան մակարդակներում՝ չնայած համաշխարհային գների աճին, և պաշտոնյաները հայտարարել են, որ միջոցառումները կմնան ուժի մեջ՝ տեղական արդյունաբերությանը և սպառողներին աջակցելու համար։

Վերջին շաբաթներին Իսրայելի թիրախում են հայտնվել Ասալույեհում և Մահշահրում գտնվող նավթաքիմիական արտադրության հիմնական կենտրոնները, հարվածել են նավթաքիմիական գործարանների համար հումք մատակարարող կոմունալ ընկերությունների և խաթարել արտադրությունը։

ԱՄՆ զինված ուժերն այս շաբաթ սկսեցին արգելափակել Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի երթևեկությունը, ինչը նպատակ ունի նվազեցնել Իրանի արտահանման եկամուտները և ճնշում գործադրել Թեհրանի վրա, քանի դեռ իրանցի և ամերիկացի դիվանագետները քննարկում են խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի հնարավորությունը։

Fars-ի համաձայն՝ Իրանը տարեկան արտահանում է շուրջ 29 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք, որի արժեքը կազմում է 13 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment