ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից։

«Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ»,- այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին։ Չի հաղորդվում, սակայն, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը։

Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 5 միլիոն 757 հազար դոլարի արտադրանք, որից 1 միլիոն 537 հազար դոլարը՝ մարտին։ Հաղորդվում է, որ Հայաստան արտահանումից ստացված եկամուտները կազմել են Ադրբեջանի արտահանման ընդհանուր եկամուտների 0.1%-ը։

Ռոզա Վարդանյան

Leave a comment