Aravot.am-ի զրուցակիցը խեղաթյուրել է FIP.am-ի հոդվածը՝ կեղծ պնդումներ անելով

Aravot.am-ը «Փաստերի ստուգման հարթակի» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումներ է հրապարակել՝ հիմնվելով իր բանախոս Հովհաննես Իշխանյանի մեկնաբանությունների վրա։ 

Վերջինս, մասնավորապես, անդրադարձել է FIP.am-ի՝ «Ատոմային» կրքեր․ ինչ կեղծ թեզերով է թիրախավորվում ՀՀ-ԱՄՆ էներգետիկ գործակցությունը» հրապարակմանը՝ պնդելով, թե այնտեղ ԶԼՄ-ներում էներգետիկ փորձագետ ներկայացող Արմեն Մանվելյանի հրապարակային խոսքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կան։ 

«․․․ Fip.am-ը կեղծ լուր էր տվել, որ պատմական գիտությունների թեկնածու և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը հեռուստահարցազրույցում ասել է, թե ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայաններ աշխահում որևէ տեղ չեն գործարկվում, իսկ  Fip.am-ը ասել է՝ գործարկվում են, Արմեն Մանվելյանը սխալ է: Այն դեպքում, երբ  Մանվելյանը ճիշտ է ասել»,- օգտահաշվին հղմամբ գրված է կայքում։   

Aravot.am-ում տեղ է գտել նաև բանախոսի այն պնդումը, թե Մանվելյանը չի խոսել NuScale Power ընկերությունից, իսկ FIP.am-ը հակառակն է պնդել։ Ինչպես նաև կա պնդում, համաձայն որի, FIP.am-ը Մանվելյանին ներկայացրել է «Մեր ձևով» շարժման անդամ։ 

Մանվելյանի սխալ պնդումները, որոնք ստուգել է FIP.am-ը 

Այսպես, 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման 2026 թվականի փետրվարի 11-ի թողարկմանը Մանվելյանը, խոսելով ամերիկյան մոդուլային տեխնոլոգիայի մասին, պնդում է հետևյալը՝ «խոսքը գնում է մի ռեակտորի մասին, որի անալոգը ԱՄՆ-ից դուրս երբեք չի կառուցվել, մի օրինակ կա ԱՄՆ-ում, որի անվտանգությունը ստուգելուց հետո ԱՄՆ համապատասխան ատոմային էներգիայի հանձնաժողովը, արգելել է դրա գործարկումը ԱՄՆ տարածքում», ապա եզրակացնում է՝ «Հայաստանը դառնում է էքսպերիմենտալ դաշտ, որդե բերում են ու փորձում են կառուցել մի ռեակտոր, որ նմանօրինակ կառուցը ԱՄՆ-ում արգելված է»։ 

Ի՞նչ է պարզել FIP.am-ը

«Փաստերի ստուգման հարթակը» նախ ստուգել է Մանվելյանի այս պնդումը՝ պարզելով, որ որևէ պաշտոնական ու բաց աղբյուր չի հաստատում ԱՄՆ-ում մոդուլային ատոմակայանի արգելված  տեխնոլոգիայի գոյության մասին։  

Փաստացի, Մանվելյանը ոչ փաստահեն տեղեկություն է տարածել․ ԱՄՆ-ում առ այս պահը չկա լիցենզավորված, փորձարկված կամ իմպլեմենտացված մոդուլային ռեակտորի որևէ տեխնոլոգիա, որն արգելվել է անվտանգության խնդիրներով պայմանավորված։ 

Միևնույն ժամանակ, FIP.am-ը շեշտել է որ «ինքը՝ Մանվելյանը ևս չի նշում տեխնոլոգիան հավաստագրման ներկայացրած որևէ ընկերություն կամ մոդուլային ռեակտորի հստակ նախագիծը»։ 

Համապատասխան պարբերության արտապատկերումը՝ FIP.am-ի նյութից։ 

Սրան զուգահեռ, FIP․am-ը, իր ընթերցողներին ներկայացրել է, որ ԱՄՆ-ում առաջին լիցենզավորված, առ այս պահը փորձարկված ու կառուցման փուլ մտած, բայց և, կասեցված միակ նախագիծը NuScale Powerն է։ 

Համապատասխան պարբերության արտապատկերումը՝ FIP.am-ի նյութից։ 

«Այս տեխնոլոգիան թույլատրված է ԱՄՆ-ում, և չկան ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի կողմից դրա կիրառումը անվտանգության խնդիրների հետևանքով արգելելու մասին փաստեր»,- գրել է FIP.am-ն ու ներկայացրել նախագծի կասեցման իրական պատճառները՝ «NuScale Power-ի նախագիծը դադարեցվել է ֆինանսական, ոչ թե անվտանգային խնդրի պատճառով»։ 

Համապատասխան պարբերության արտապատկերումը՝ FIP.am-ի նյութից։ 

Փաստացի, FIP.am-ն արձանագրել է՝ Մանվելյանը չի նշել անվտանգային պատճառներով արգելված կոնկրետ տեխնոլոգիայի անուն, քանի որ այդպիսիք պարզապես ԱՄՆ-ում գոյություն չունեն։ 

Միևնույն ժամանակ, Մանվելյանի կողմից հստակ տեխնոլոգիայի անունը չնշելը, անհիմն պնդումների հիման վրա մանիպուլյատիվ եզրակացությունները լսարանին համոզիչ դարձնելու ակնհայտ դիտավորություն ունեն։ 

Սրան զուգահեռ, նա խոսում է ինչ-որ կասեցված նախագծի մասին, իսկ այդպիսին, ինչպես նշեցինք վերևում միայն NuScale Power-ն է, որն ավարտին չի հասցվել բացառապես ֆինանսատնտեսական խնդիրներով պայմանավորված։ 

Մանվելյանի պնդումը, թե Հայաստանը փորձադաշտ է, ևս մանիպուլյատիվ է․ NuScale-ի մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի հիման վրա ատոմային էներգիա զարգացնելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ համագործակցություն է սկսվել տարբեր երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինայի, Գանայի, Ղազախստանի հետ։ 

Փաստացի, ամերիկյան մոդուլային ատոմակայանի ընդամենը մեկ տեխնոլոգիայով արդեն իսկ հետաքրքված են և համագործակցություն են սկսել աշխարհի տարբեր երկրներ։ 

Մանվելյանի մյուս անհիմն պնդումների վերաբերյալ, որոնք բացահայտել է FIP.am-ը, «Առավոտի» բանախոսն իր հարցազրույցում առարկություններ չի ներկայացրել։

Այդուհանդերձ դրանց առաջարկում ենք ծանոթանալ այստեղկեղծ թեզերի թվում են՝ 

  • «Բաքվի ու Անկարայի պահանջով է փակում ատոմակայանը»
  • «9 միլիարդ դոլար ենք վճարելու ամերիկյան մոդուլային ռեակտորի համար»,
  • «մոդուլային կայանները կարող են առավելագույնը մինչև 50 ՄՎտ հզորություն ունենալ»։

Մանվելյանը «Մեր ձևով» շարժումից չի ներկայացվել 

Ինչպես նշեցինք վերևում, «Առավոտի» զրուցակիցը պնդում է, թե իբր FIP.am-ը Մանվելյանին ներկայացրել է որպես «Մեր ձևով» շարժման անդամ։ 

Այսպես, հրապարակման մեջ Մանվելյանը հիշատակվում է վեց անգամ, որևէ տեղ գրված չէ, որ վերջինս «Մեր ձևով» շարժումից է, սրան զուգահեռ, FIP.am-ը գրել է, որ տարբեր ԶԼՄ-ներ նրան որպես «էներգետիկ փորձագետ», տեղ-տեղ «միջազգայնագետ» են ներկայացնում։ Նշենք նաև, որ FIP.am-ը հրապարակման հիման վրա ավելի ուշ պատրաստել է տեսանյութ և *postcard, որտեղ ևս այդ անձը չի ներկայացվել որևէ քաղաքական ուժից։ 

*Postcard-ը լրագրության կարճ ժանրերից է, որի միջոցով ամփոփվում է ծավալուն հրապարակումը հակիրճ մտքերով ու պատկերներով, որպեսզի ընթերցողն արագ պատկերացում կազմի և ծանոթանա թեմային՝ առանց երկար վերլուծություն կարդալու անհրաժեշտության։

Նշենք նաև, որ «Առավոտի» բանախոսը, postcard-ի հրապարակման նկարներից մեկի վրա հիմնվելով, որում առկա են Մանվելյանի ու «Մեր ձևովի» պատկերները, միաժամանակ, ենթադրել է (փաստեր ստուգումը բացառում է ենթադրություններ անելը,-խմբ․), որ վերջինս այդ ուժից է ներկայացվել։ 

Հատկանշական է նաև, որ postcard-ի խնդրո առարկա նկարում պատկերված է նաև 5-րդ ալիքի տարբերանշանը, և հարցը, թե ինչո՞ւ է «Առավոտի» բանախոսը ենթադրել, որ Մանվելյանը հենց «Մեր ձևովից» է ներկայացվել, և ոչ 5-րդ ալիքից, մնում է անպատասխան։ 

Նանե Մանասյան

The post Aravot.am-ի զրուցակիցը խեղաթյուրել է FIP.am-ի հոդվածը՝ կեղծ պնդումներ անելով appeared first on FIP.AM.

Leave a comment