ՄԻՊ-ը միջամտել է Հակակոռուպցիոն կոմիտեում փաստաբանների մուտքի սահմանափակման դեպքին

Հասարակություն

16.04.2026 | 13:57

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել է, որ ապրիլի 16-ին ստացած մի շարք ահազանգերից հետո ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և ապահովել իրենց վստահորդների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ ՄԻՊ-ը շարունակում է հետևել գործընթացին՝ ընդգծելով ազատությունից զրկված անձանց համար իրավաբանական օգնության պատշաճ երաշխավորման կարևորությունը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ: Նշված անձանց փաստաբանները ահազանգում էին, որ չեն կարողանում տեսակցել իրենց վստահորդներին։

 

Leave a comment