Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել

Քաղաքականություն

16.04.2026 | 15:05

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքների խնդրի վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։

«Շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ողբերգական ավիավթարի հետևանքների խնդիրը։ Մենք ավարտել ենք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-  ասել է Մատվիենկոն։

Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում։

Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կողմերը նաև նշել են երկկողմ համագործակցության ավանդաբար բարձր մակարդակը միջազգային խորհրդարանական ֆորումներում, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում և Միջխորհրդարանական միությունում։ Նրանք նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության են եկել լուծելու հետևանքների խնդիրը, այդ թվում՝ փոխհատուցման հարցը, որը կապված է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող Embraer-190 ինքնաթիռի կործանման հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment